«Ազգային մշակույթի խորհուրդ» ՀԿ–ն, «Ողջ մնալու արվեստը»՝ ՈՄԱ կազմակերպությունը, «Իրական դպրոց»–ն ու «Մենք» ավանդական պարի խումբը Սյունիքի մարզկենտրոնում երկօրյա միջոցառում էին կազմակերպել` նվիրված Լեռնահայաստանի հիմնադրման 100-ամյակին։
«Ազգային մշակույթի խորհուրդ»–ի ներկայացուցիչ Վիրաբ Բաբայանի խոսքով, Լեռնահայաստանի 100-րդ տարեդարձն այս օրերին Սյունիքում նշելը ինքնանպատակ չէր եւ խորագիրն արդեն շատ բան է ասում՝ «Կարդա Նժդեհ, փրկիր հայրենիք»։
Ծրագիրը երկօրյա էր։ «Իրական դպրոցի» սաների հետ, Գյումրից, Վանաձորից, Երեւանից, Գորիսից եկած պատանիների հետ առաջին օրը անցկացրել ենք մշակութային մասը՝ ազգային պարը, երգը, ինչպես նաեւ Գարեգին Նժդեհի գրքի գրաբարյան թարգմանության շնորհանդեսն էր»,–Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Ազգային մշակույթի խորհուրդ»–ի ներկայացուցիչ Վիրաբ Բաբայանը։
Կարդացեք նաև
Երկրորդ օրը ամբողջությամբ տրամադրվեց ՈՄԱ–ի զորավարժանքներին։ Հանրապետության 4 քաղաքից ժամանած պատանիներին միացան նաեւ կապանցիները։ Մոտ 200 պատանու ՈՄԱ–ի հրահանգիչները մեկօրյա վարժանքի ընթացքում հասցրին սովորեցնել լեռնային հրաձգության հմտությունները։ ՈՄԱ–ի հիմնադիր Վովա Վարդանովը չի ողջունում Լեռնահայաստանի գաղափարը։ 1921-ին ճարահատյալ անջատողական գործողություն էր, եւ սխալ է համարում, որ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները համեմատում են մեր օրերի հետ։
Պարզապես, մեր զրուցակցի խոսքով, առիթը բաց չթողեցին՝ Գարեգին Նժդեհի՝ խորհրդային կարգերի դեմ ընդվզելու 100-ամյակի օրը փորձեն օգտագործել մարզվելու, ինքնապաշտպանվելու եւ այլ հմտություններ ձեռք բերելու համար։ Վովա Վարդանովի խոսքով՝ եթե նայենք մեր շուրջը, ապա պիտի հասկանանք, ինչու են մեզ լեռնային հրաձիգներ պետք։
«Ինչո՞ւ ոչ ժամանակակից մոտոհրաձիգ, որովհետեւ Հայաստանը նախ այդքան էլ հարուստ չի, որպեսզի բոլոր իր հրաձիգներին, թեկուզ լեռնային հրաձիգներին տեխնիկական միջոցներով զինի։ Հետո էլ մենք լեռներում ենք ապրում։ Հույսդ պիտի լինի քո՝ լեռների հետ աշխատելու ունակությունը, լեռներում գործելու, լեռներում պատսպարվելու, լեռը ամրոց դարձնելու քո ունակությունը պիտի աշխատի, իսկ որպեսզի այդ ամենը իրագործենք, սովորել է պետք»,–ասում է Վարդանովը։ Երկարամյա հետախույզը ափսոսանքով է նշում, որ պատանիներն ավելի շատ են ձգտում սովորել , քան մեծահասակները։ Այս սերունդը, որն այսօր է սովորում, իր գիտելիքներն անհրաժեշտության դեպքում կարող է ցույց տալ մոտ 15 տարի հետո։ «Ովքեր կռվել են, ու բախտները բերել է՝ չեն զոհվել, գիտեն կռվել են, ամեն ինչ գիտեն։ Եկեք երեխեքի համար դարձեք ուսուցիչներ, սովորեք եւ սովորացրեք»,–հորդորում է Վարդանովը։
Մանրամասները տեսանյութում։
Ավելացնեմ, որ «Կարդա Նժդեհ, փրկիր հայրենիք» գրառմամբ ու Գարեգին Նժդեհի լուսանկարով մեծ պաստառներ են փակցվել Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ