Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք ձեզ տվեք այդ հարցը՝ ինչի՞ համար դուք կաք». Արմեն Օրուջյանը՝ երիտասարդներին՝ մենթիներին

Ապրիլ 28,2021 21:55

«Կրթություն ո՞վ չի սիրում»,- ամերիկահայ գործարար, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն այս հարցով սկսեց «Իմ մենթոր» նախագծի #Talks հարթակի առաջին միջոցառումը:

Լոֆթ կենտրոնում նա հանդիպեց մենթորության նպատակով իրեն դիմած երիտասարդների՝ մենթիների հետ: Հանդիպման ընթացքում Արմեն Օրուջյանը ծանոթացավ երիտասարդների հետ և հարցրեց՝ ո՞վ չի սիրում ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա:

Զրույցը սկսելով այս կետից՝ Արմեն Օրուջյանը վստահեցրեց՝ դրանք  այն հիմնական ուղղություններն են, որոնց վրա զարգանալու է ապագան: Ֆիզիկա չսիրողներից մեկին էլ ասաց՝ «մարդիկ որ ֆիզիկա չիմանային, աթոռ էլ չէր լինի, որի վրա հիմա Դուք նստած եք»:

Նա երիտասարդների հետ, բանախոսություն անցկացրեց նրանց կյանքի, ապագայի, մարդու կյանքում մենթորների, քոուչների և խորհրդատուների դերի մասին:

Նշենք, որ «Իմ մենթոր» նախագիծը և համանուն հավելվածը գործարկվել են մարտին: Նախագծի շրջանակներում գիտելիքի և փորձի փոխանակման պատրաստ, կայացած պրոֆեսիոնալները (մենթորները) կհաղորդակցվեն գիտելիքի և փորձի կարիքն ունեցող երիտասարդների (մենթորների) հետ: Այս պահին նախագծին որպես մենթոր միացել են Էդուարդ Թոփչյանը, Արսեն Բազիկյանը, Արմեն Օրուջյանը, Սերգեյ Թանթուշյանը, Մխիթար Հայրապետյանը, Արամ Փախչանյանը, Մհեր Արշակյանը, Զարմինե Զեյթունցյանը, Տաթեւիկ Ստեփանյան, Աշոտ Բլեյանը, Ռուբեն Բաբայանը եւ այլք: Մենթորների ցանկը շարունակաբար համալրվում է:

Արմեն Օրուջյանը, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության օրինակով բացատրելով կյանքի ընթացքը, ասաց. «Իսկ ո՞վ ասաց, որ ֆիզիկա չսիրողները այն չեն սիրում, քանի որ սիրելու բան չէ: Չեն սիրում, որովհետև դժվար է այն հասկանալը: Եթե խոսում ենք ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության մասին, շատ կարևոր են անցումները:  Երեքն էլ հզոր ուղղություններ են. խորը գիտելիք են պահանջում: Եթե վերցնենք ֆիզիկայի հիմքը՝ ատոմը, ապա մի քանի ատոմներ, եթե միացնենք, կդառնա մոլեկուլ, եթե մոլեկուլները միացնենք իրար, կդառնան բջիջ, իսկ բջիջները միանալով ՝ դառնում են մարմնի օրգաններ»:

Արմեն Օրուջյանը անկեղծացավ՝ ինքն առանձնապես չի սիրում իր հետ հեռախոս վերցնել: Նա նշեց. «Եթե ես գրասենյակում եմ, հեռախոսն ինձ հետ չէ: Ես չեմ սիրում հեռախոսն ինձ մոտ պահել. ծանրություն է: Մենք անում ենք ամեն ինչ, որ այդ հեռախոսները գնալով փոքրանան ու ընդլայնվեն: Այնքան են փոքրանալու, որ մտնեն մեր մեջ, որ էլ հեռախոսի մեջ չնայենք այս կամ այն անձի համարը, այլ մեր մեջ լինի: Մարդկությունը գնում է դրան: Իսկ դրան գնալու համար կենսաբանական զարգացումներն են պետք և այդ ամենի մեջ մտնում են հենց այն ուղղությունները, որոնց մասին խոսեցինք»:

Զրույցի ավարտին նա երիտասարդներին հավաստիացրեց՝ որպես մենթոր հատուկ խորհուրդ չունի տալու ու պարզաբանեց. «Գաղափարը նա է, որ աշխարհում դուք պատկերացնեք ձեր դերը, գտնեք այն գեղեցիկը, որը կարող եք դրանից ստանալ: Դուք ձեզ տվեք այդ հարցը՝ ինչի՞ համար դուք կաք: Այն շատ դժվար հարց է: Եթե Կտակարանով եք գնալու, ապա այն պարզ ասում է, իսկ դրանից դուրս կխճճվեք: Հնարավոր է հնարեք, թե ձեր կյանքի իմաստը սա է, գեղարվեստական բնութագիր տաք դրան, մինչև չգան ու մի հարված չտան ձեզ: Մի խոսքով՝ գիտությամբ եք զբաղվում, թե ինչ եք անում, ես չեմ կարող ձեզ խորհուրդ տալ՝ սա արեք, նա արեք, լավագույն դեպքում կարող եմ բացատրել, թե կյանքն ուր է գնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930