Ապրիլի 28-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ընդունվել են Կառավարության ներկայացրած առաջարկները: Դրանք հիմնականում վերաբերում են Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում օգտագործվող եզրույթները Ընտրական օրենսգրքին համապատասխանեցնելուն: ՀՀ քրեական օրենսգրքին վերաբերող նախագծից հանվել է 154.10 նոր հոդվածը, որով առաջարկվում էր ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:
Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ ընդունվել են գործադիրի ներկայացրած առաջարկները, եւ Կառավարությունը նախաձեռնության վերաբերյալ չունի որեւէ առարկություն:
Կարդացեք նաև
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը:
Խորհրդարանը նախաձեռնություններն ընդունեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը: