«Վերահաստատում եմ, որ ՀՀ-ն ժողովրդավարության բաստիոն է տարածաշրջանում եւ պետք է ձգտի այդպիսին լինել ամբողջ աշխարհում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցին, ըստ որի՝ 2020թ․-ին ՀՀ-ում ժողովրդավարության ցուցանիշի անկում է գրանցվել՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ «Զեկույցի մանրամասներին ծանոթ չեմ, բայց մշտապես ասել եմ, որ ժողովրդավարությունն ինչ-որ կայուն կատեգորիա չի։ Հետպատերազմյան շրջանի մի երկիր չեք գտնի, որը հետպատերազմյան շոկեր չարձանագրի:
Բոլոր գործընթացները, այդ թվում՝ արտահերթ ընտրություններն ուղղված են ներքին կայունության հաստատմանը։ Ինչ վերաբերում է ձերբակալություններին, հստակ ասեմ, որ իմ համար անընդունելի է, երբ ցանկացած անձ, որը կատարել է քրեաիրավական գործողություն, շարունակի մնալ ազատության մեջ եւ կատարի իր ոչ իրավաչափ վարքագիծը, եւ հակառակը»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ