«Թող բացեն ու կարդան սահմանադրությունը։ Սահմանադրությունը հստակ ձեւակերպել է, որ կա անընդհատության սկզբունք, այսինքն՝ պաշտոնը ստանձնած անձը պաշտոնավարում է մինչեւ այն պահը, երբ պաշտոնը զբաղեցնող հաջորդ անձն է ի հայտ գալիս»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով իրավական վեճին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու դեպքում չի կարող համարվել վարչապետի պաշտոնակատար։
«Երբ պաշտոնյան հրաժարական է տալիս, պաշտոնավարում է այնքան ժամանակ, մինչեւ այլ անձ չի ընտրվում կամ նշանակվում այդ պաշտոնին։ Սա բխում է անընդհատության սկզբունքից։ Օրինակ՝ եթե վարչապետի փոխարեն այլ անձ պաշտոնավարի, որոշ իրավաբանների տրամաբանությամբ՝ փոխվարչապետը պետք է ղեկավարի երկիրը։ Ստացվում է, որ փոխվարչապետին որեւէ մարմին պետք է նշանակի ղեկավար»,-նշեց Նիկոլայ Բաղդասարյանը։ «Անգամ այդ օրինակից տրամաբանությունը հուշում է, որ հրաժարականից հետո տվյալ անձը շարունակում է պաշտոնավարել՝ մինչեւ նոր անձի ընտրվելը»,-հավելեց Բաղդասարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ