Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր պատվաստվել են «AstraZeneca» պատվաստանյութով:
Նախարարն այսօր պատվաստվեց, որին հաջորդած ասուլիսին ասաց՝ մենք սեփական օրինակով ուզում ենք ցույց տալ, որ պատվաստումները կարեւոր կանխարգելիչ միջոցառումներ են, որոնք պետք է օգնեն հաղթահարել կորոնավիրուսը եւ վերադառնալ բնականոն կյանքի:
Տիգրան Ավինյանն էլ ասաց՝ պատվաստման գործընթացն այս տարվա կարեւորագույն գործընթացներից մեկն է եւ պատվաստման տեմպերը էականորեն ազդելու են տարբեր երկրներում ներքին կարգավորումների, զբոսաշրջության․ այլ երկրների հետ հարաբերություններին, եւ առհասարակ, տնտեսական իրավիճակի վրա․«Միանշանակ, մեր քաղաքականությունը պետք է լինի հնարավորինս շատ մարդկանց համոզել, խրախուսել, որպեսզի կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին մասնակցեն»,- նշեց Տիգրան Ավինյանը:
Ինչո՞ւ «AstraZeneca»․ պարոն Ավինյանն ասաց՝ հատուկ ընտրել են «AstraZeneca»-ն, քանի որ կորոնավիրուսի դեմ այս պատվաստանյութի մասին շատ է ապատեղեկատվությունը, մանիպուլյատիվ ու կեղծ լուրերը․«Որքանով ինձ է հայտնի՝ մոտ 200 միլիոն դեպքից վատթար դեպքեր եղել են ընդամենը մի քանիսը։ Եւ եթե 200 միլիոնի երկու տոկոսը հաշվի առնենք, ապա 4 միլիոն վարակակիր կլիներ, դա շատ վախենալու մահվան ցուցանիշի կբերեր։ Պատվաստանյութը հասանելի է բոլոր պոլիկլինիկաներում: Նախարարի հրամանով 18 տարեկանից բարձր անձինք կարող են պատվաստվել։ Շատ կարեւոր է, որպեսզի այս տարվա ընթացքում պատվաստվել ցանկացողների մեծ քանակ ունենալ, որովհետեւ դա էականորեն ազդում է քովիդի թվերի վրա։ Իսրայելի եւ Մեծ Բրիտանիայի օրինակով՝ պատրաստումների մեծ քանակը դրական է ազդում եւ հիվանդացության բավականին ցածր ցուցանիշներ են գրանցում»։
Կարդացեք նաև
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ երկրագնդի տարբեր հատվածներում հիվանդությունը ալիքի պես տարածվում է՝ մի տեղ՝ շատ,մյուս տեղում՝ քիչ, եւ ամեն ալիքի հետ հիվանդության ծանրությունը բարձրանում է․«Մեզ մոտ համամասնությամբ ծայրահեղ ծանր դեպքերի թիվն ավելանում է, քանի որ շրջանառվում են զանազան շտամեր, եւ այլ հանգամանքներից ելնելով, մենք օր առաջ պետք է կանխենք հիվանդացության տարածումը»։
Նախարարն անդրադառնալով այն խնդրին, թե ում են պատվաստելու, ասաց՝ պետք է լայնացնեն շրջանակը․ «Վերջերս ունեինք երկու հղի, որոնք ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Եւ մեր կարծիքով՝ եթե նրա բարեկամները, ովքեր ռիսկի խմբի մեջ չեն ներառված, պատվաստված լինեին, այդ հղիները նման ծայրահեղ վիճակում չէին հայտնվի։ Մենք նպատակ ենք դրել պատվաստման միջոցով հանրային իմունիտետ ձևավորել և հնարավորինս շատ քաղաքացիներ ունենալ, որոնք պատվաստվել են»։
Դեռ ապրիլի 12-ին նախարարությունն «AstraZeneca»-ի համար տարիքային որոշակի շեմ էր սահմանել, 55-ից բարձրերին էին խորհուրդ տալիս, արդյոք հիմա ռիսկերը վերացել են, որ ՀՀ-ում 18 տարեկանից բարձրերին էլ են հորդորում «AstraZeneca»-ով պատվաստվել, այս հարցին ի պատասխան նախարարն ասաց՝ այս պատվաստանյութից կողմնակի ազդեցության եւ մահվան պատճառահետեւանքային կապը վերջնական հաստատված չէ, եւ վերջին շրջանում աղմուկը եւ նման դեպքերի առկայությունը գրեթե զրոյական է․«Մենք մեր հրամանում նշել են՝ ռիսկի խմբի համար պահպանում ենք զգուշությունը՝ 55 տարեկանից բարձր։ Բայց նկատելով, որ «AstraZeneca»-ով պատվաստվում են շատ երկրներում՝ անկախ տարիքից եւ բոլոր խմբերին, մենք եւս հնարավորություն ստեղծեցինք, որ անձինք, ովքեր կամավոր են ուզում՝ հնարավորություն ունենան։ Այս կանոնը միայն «AstraZeneca»-ին չի վերաբերում։ Մենք մյուս շաբաթ ունենալու են 50 հազար դեղաչափ չինական պատվաստանյութ, այն եւս հասանելի է լինելու 18-ից բարձր բոլոր քաղաքացիների համար»։
«Sputnik V»-ի պատվաստանյութի մասին էլ Տիգրան Ավինյանն ասաց՝ Փաշինյան-Պուտին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ՀՀ-ին «Sputnik V» տրամադրել, ուժի մեջ են․ «Որոշակի գործընթացներ տեղի են ունենում եւ ուզում եմ շեշտել՝ բոլոր հնարավոր ուղղություններով այն պատվաստանյութերը, որոնք մեզ մոտ արդեն իսկ հաստատված են, մենք բոլոր հնարավոր պատուհանները օգտագործելու ենք և ֆինանսական միջոցները հատկացնելու ենք, որպեսզի ապահովենք լուրջ խմբաքանակ այս տարվա պատվաստումների համար»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ