Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավելի քան 80 կրթօջախներ, միջազգային դոնոր կազմակերպություններ. մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO 2021» ցուցահանդեսը

Ապրիլ 28,2021 18:35

«Yerervan EXPO» ցուցասրահում այսօր բացվել է 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ամենամյա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 80 կրթօջախներ՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր և ուսումնական կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նա շրջել է կրթական հաստատությունների և կազմակերպությունների տաղավարներով, ծանոթացել նրանց առաջարկած նորամուծություններին և առաջիկա ծրագրերին: Փոխնախարարը նշել է, որ նմանօրինակ ցուցահանդեսները կարևոր են այդ հաստատությունների առկա հնարավորությունները ներկայացնելու և համագործակցության ուղիներ նախանշելու տեսանկյունից:

«Աշակերտների և ուսանողների մեծ մասը դեռևս չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, և այսպիսի ցուցահանդեսները նրանց կօգնեն հասկանալ, թե Հայաստանում որակյալ կրթություն ստանալու և ուսումը շարունակելու ինչ հնարավորություններ կան բակալավրիական, մագիստրոսական և ասպիրանտական աստիճաններում: Գիտության և նորարարության զարգացման համար անհրաժեշտ է, որ նախևառաջ մարդիկ ցանկություն ունենան զբաղվելու գիտությամբ ու դրա արդյունքը կիրառելու և իրենց ստացած գիտելիքները երկրին ծառայեցնելու հնարավորություն ստանան»,- նշել է փոխնախարարը՝ շեշտելով, որ չնայած համավարակին՝ նախորդ տարիների համեմատ տաղավարներում որոշակի առաջընթաց կա: Կարեն Թռչունյանը, մասնավորապես, ընդգծել է բազմաթիվ տաղավարներում ներկայացված հետաքրքիր մոտեցումները և լուծումները՝ հույս հայտնելով, որ դրանք կկիրառվեն՝ ի շահ Հայաստանի զարգացման:

«Իհարկե, դեռևս շատ անելիքներ կան, սակայն այսպիսի ցուցահանդեսների միջոցով պետք է փորձենք մեր հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել դեպի կրթությունը, գիտությունը և կարիերայի աճին»,- փաստել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ն ցուցահանդեսի ընթացքում հանդես կգա երեք օր. «Առաջին օրը նվիրել ենք բնագիտական թևին. աշակերտները կարող են ծանոթանալ ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ֆակուլտետների ուսանողների կատարած հետաքրքիր փորձերին: Վաղը տեղի կունենա հասարակագիտական բլոկի ցուցադրությունը, իսկ երրորդ օրը նվիրել ենք բուհի միջազգային գործունեությանը, որպեսզի ապագա դիմորդները կողմնորոշվեն իրենց մասնագիտության ընտրության հարցում և տեղեկանան՝ ինչպես կարող են սովորել արտերկրում»:

«Ցուցահանդեսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնում է իր բակալավրիական, ինչպես նաև մագիստրոսական նոր ծրագրերը, որոնք անցած տարվանից համատեղ իրականացնում ենք գործատուների հետ: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել մագիստրոսների շրջանում»,- նշել է համալսարանի Շարունակական կրթության բաժնի պետ Աղավնի Հակոբյանը՝ այցելուներին ներկայացնելով ընդունելության գործընթացը և բուհի մրցակցային հնարավորությունները:

Երեք օրերի ընթացքում դպրոցականներն ու դիմորդները կարող են ամբողջական տեղեկատվություն ստանալ Հայաստանի կրթական համակարգի մասին, ծանոթանալ հանրակրթական, նախնական, միջին և բարձրագույն ուսհաստատությունների առաջարկած ծառայություններին ու աշխատաշուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտություններին:

Ցուցահանդեսի անցկացումը կնպաստի նաև կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների ձևավորմանը, աշխատանք փնտրողների և գործատուների միջև կապի ստեղծմանը, ինչպես նաև պետական, մասնավոր ու հասարակական կազմակերպությունների նոր կրթական ծրագրերի ներկայացմանը:

Ցուցահանդեսն այցելուների համար բաց է ապրիլի 29-ից 30-ը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930