Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող խմբակի համար այլևս ակնհայտ է, որ առանց բռնությունների ու քաղաքական հետապնդումների իրենք զրկված են վերարտադրվելու՝ նույնիսկ նվազագույն հնարավորությունից

Ապրիլ 28,2021 19:15
hyd

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Սյունիքի մարզում արժանացավ համատարած մերժման, որին հաջորդեց հավասարակշռությունը կորցրած անձի հայտնի ապօրինի հանձնարարականը իրավապահ մարմիններին: Մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով և արժանապատվության ոտնահարմամբ բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ: Իշխող խմբակցության մի շարք պատգամավորներ, արդարացնելով իրավապահ մարմինների այս գործելակերպը, անուղղակիորեն հաստատեցին, որ այն թելադրված է և իրականացվում է իրենց վարչախմբի գիտությամբ ու անմիջական հանձնարարությամբ։

Ի պաշտպանություն արժանապատիվ սյունեցիների, ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու, նրանց կտտանքի ենթարկելու դեպքերի առիթով քրեական գործեր հարուցելու պահանջներով Երևանում՝ Գլխավոր դատախազության շենքի դիմաց, անցկացվեց բազմամարդ քաղաքական հրատապ ակցիա: Գլխավոր դատախազից այս հարցով պարզաբանումներ ստանալու՝ քաղաքացիների պահանջը ոչ միայն անտեսվեց, այլև ոստիկանությունն իր ագրեսիվ գործողություններով, անգամ՝ մարմնական վնաս հասցնելով, բերման ենթարկեց տասից ավելի անձանց:

Իրավապահ մարմինների հանցավոր վարքագիծը ստիպում է արժանապատիվ քաղաքացիներին՝ սեփական ուժերով պաշտպանել իրենց իրավունքները: Ոստիկանությունը վերածվել է իշխանության և հատկապես վարչապետի աթոռին կառչած անձի քաղաքական պատվերն ու ապօրինի հրահանգներն իրականացնող ռեպրեսիվ գործիքի: Ակնհայտ է, որ քննչական մարմիններն ու դատախազությունը ստանձնել են իշխանության հանցագործություններն օրինականացնելու անպատվաբեր դերակատարությունը: Վերջին ժամանակաշրջանում Երևանում և մարզերում նկատելի է ՀՅԴ կառույցի թիրախավորումը: Քաղաքական հետապնդումները կրում են շարունակական բնույթ:

Իշխող խմբակի համար այլևս ակնհայտ է, որ առանց բռնությունների ու քաղաքական հետապնդումների իրենք զրկված են վերարտադրվելու՝ նույնիսկ նվազագույն հնարավորությունից։

Ըստ այդմ՝ դիմում ենք իրավապահ մարմիններին և պահանջում մնալ բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, չարժեզրկել պետական ինստիտուտները, չդառնալ օրվա իշխանությունների քաղաքական կամակատարը, ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու քաղաքացու օրինական շահերին, հակառակ դեպքում՝ օրենքի ողջ խստությամբ կենթարկվեք պատասխանատվության։

Այս պահանջը բարձրաձայնելու համար 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17-ին, բոլոր արժանապատիվ քաղաքացիներին հրավիրում ենք մասնակցելու բողոքի ակցիայի՝ դատախազության շենքի առջև:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930