Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհուրդը Հայաստանում լրագրողների ազատության սահմանափակումներ է արձանագրել 2020թ.

Ապրիլ 28,2021 16:55

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեչինովիչ Բուրիչը հրապարակել է խորհրդի անդամ երկրներում լրագրողների անվտանգության և մամուլի ազատության վերաբերյալ տարեկան զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանում կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված որոշ սահմանափակումների:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` Հայաստանում սահմանվել է արտակարգ դրություն, որի ժամանակ ոստիկանությունը ստիպել է ավելի քան 20 լրատվամիջոցների փոխել կամ հեռացնել այն հրապարակումները, որոնք «խուճապ» են տարածում:

Ինչ վերաբերում է պատերազմական ընթացքին, զեկույցի հեղինակները կարծում են, որ հակամարտությունը լուսաբանող լրագրողների անվտանգությունն աստիճանաբար նվազել է և լուրջ սահմանափակումներ են դրվել լրագրողների ազատ տեղաշարժի վրա, ինչպես նաև դժվարություններ են եղել վստահելի տեղեկատվություն ստանալու հարցում: Լրագրողների աշխատանքը բարդացել է նաև սեպտեմբերի վերջին հայտարարված ռազմական դրության պատճառով, ասվում է զեկույցում:

Հակամարտության գոտում աշխատելիս վիրավորվել է առնվազն 7 լրագրող: Հոկտեմբերի 1-ին չորս լրագրող վիրավորվել են Մարտունիում հրթիռակոծության հետևանքով: Ընդ որում, զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ վիրավորված լրագրողներն ունեցել են տեսանելի Press նշան: Հոկտեմբերի 8-ին երկու ռուս լրագրող վիրավորվել են Շուշիի հրթիռակոծության հետևանքով: Պատերազմի ժամանակ ևս մեկ ադրբեջանցի լրագրող Անար Հասանովը վիրավորվել է հոկտեմբերի 19-ին Աղդամի շրջանում: Հոկտեմբերի 27-ին մի խումբ լրագրողներ Հայաստանից, ԱՄՆ-ից և Բրիտանիայից, որոնք կրում էին Press նշանով սաղավարտներ, կամայականորեն թիրախավորվել են Մարտունիում այն բանից հետո, երբ նրանց նկատել են անօդաչուով: Տարածքում որևէ ռազմական օբյեկտ չի եղել:

Հոկտեմբերի 8-ին արգելվել է հրապարակել կառավարությանը, քաղծառայողներին և տեղական վարչակազմերին քննադատող նյութեր: Լրատվամիջոցները բախվել են տուգանքների, հաշվիչները սառեցնելու և տեղեկատվությունը հեռացնելու հավանականության: Նույն օրը Հայաստանի արտգործնախարարությունը զրկել է հավատարմագրումից «Նովայա գազետա» թերթի թղթակից Իլյա Ազարին, որը հրապարակել էր հոդված, որում կամավորները քննադատում էին իշխանություններին:

Նոյեմբերի 10-ին մոտ 40 հոգուց բաղկացած մի խումբ փորձել է ներխուժել է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ՝ նպատակ ունենալով կոտրել դրա սերվերը և թույլ չտալ հեռարձակում իրականացնել:

2021թ. փետրվարի 10-ին Հայաստանի սահմանային զորքերը հայտարարեցին, որ լրագրողները Սյունիքի մարզում աշխատելիս պետք է ունենան թույլտվություն՝ պնդելով, որ սահմանափակումները պայմանավորված են անվտանգության նկատառումներով:

Զեկույցի հեղինակները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են, որ պետք է կատարել միջազգային օրենքով ստանձնած իրենց պարտավորությունները քաղաքացիների նկատմամբ: Լրագրողների նկատմամբ հարձակումները պատերազմական հանցագործություն է: Հակամարտության մեջ ներգրավված երկրները պետք է հրահանգեն իրենց զինվորական և ոստիկանական ուժերին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել լրագրողներին: Նրանք պետք է վերացնեն վարչական խոչընդոտները և հնարավորություն տան լրագրողներին հեշտությամբ, այդ թվում տեխնիկայով մուտք գործել անհրաժեշտ գոտի՝ տրամադրելով անհրաժեշտ փաստաթղթեր և թույլտվություն: Նրանք նաև պետք է զերծ մնան լրագրողների դեմ սահմանափակող գործողություններից

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930