Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանությունում շարունակվում է արձանագրվել քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի պրակտիկան. ՀՔԱՎ-ի մշտադիտարկման արդյունքերը

Ապրիլ 28,2021 17:14

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2020-ին Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկանքը՝ ըստ ԶԼՄ, ՀՀ ոստիկանության և ՀՀ հատուկ քննչական ծառայության կայքէջերի մշտադիտարկումների։

Արտակարգ 2020-ը

Մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ ոստիկանությունը պատրաստ չէր դիմակայելու ճգնաժամային իրավիճակներում առաջացած խնդիրներին։ Ոստիկանության ծառայողները չցուցաբերեցին անհրաժեշտ և բավարար մասնագիտական հմտություններ, հետևողականություն և կամք՝ գործելու բացառապես օրենքի պահանջներին համապատասխան, իրենց լիազորություններին և գործառույթներին համահունչ, կանխելու հանցավոր գործողությունները, պատժելու մեղավորներին՝ միևնույն ժամանակ չխախտելով ՀՀ քաղաքացիների իրավունքները և չխոչընդոտելով դրանց իրացմանը։

2020 թ․ առաջին եռամսյակում կազմակերպված հավաքներն ու բողոքի ակցիաներն անցան առանց ոստիկանության միջամտության, ինչպես օրինակ՝ անասունների մորթը սպանդանոցում իրականացնելու դեմ բողոքող անասնապահների, խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողների ակցիաները։

Կորոնավիրուսի համավարակի (СOVID-19) կանխման նպատակով 2020 թ․ մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմով, այնուհետև 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի/ԼՂ նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հայտարարված ռազմական դրությամբ սահմանափակվեցին մարդու մի շարք իրավունքներ։ Նշված երկու որոշումների կատարման վերահսկողության իրականացման գործում էական դերակատարություն ունեին իրավապահ մարմինները, հատկապես՝ ոստիկանությունը։ Արտակարգ ռեժիմով և ռազմական դրությամբ արգելվեցին հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։ Այնուամենայնիվ արձանագրվեց քաղաքացիների կողմից բողոքի ակցիաների կազմակերպում, որոնց ժամանակ իրավապահ մարմինների արձագանքը միատեսակ, կանխատեսելի, իրավաչափ և համարժեք չէր։ Ոստիկանության կողմից միջամտության ոչ մի գործողություն տեղի չի ունեցել, օրինակ, մեծաթիվ մասնակիցներով ակցիաներին, որոշ դեպքերում պարզապես հորդորվել է պահպանել սոցիալական հեռավորությունը, այլ դեպքերում՝ մասնակիցները կամայական բերման են ենթարկվել (երբեմն նույնիսկ մինչև բողոքի ակցիայի մեկնարկը)։ Ավելին՝ թեև արգելված էին հավաքներն ու գործադուլները, 20 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումները, բերման են ենթարկել նաև միանձնյա ակցիա իրականացնողներին՝ այն դեպքում, երբ օրենքի իմաստով հավաքի պարտադիր տարր է երկու կամ ավելի անձանց մասնակցությունը։

Ոստիկանությունը շարունակել է նաև

✔️ կամայական բերման ենթարկել և վարչական արձանագրություններ կազմել (օրինակ՝ Կապանի դեպքերը 2020 թ․ մայիսին),

✔️ուժ կիրառել ակտիվիստների նկատմամբ, մեկ դեպքում արգելել, մեկ այլ դեպքում թույլատրել նույնաբովանդակ ակցիաները (օրինակ՝ Ամուլսարի շահագործման դեմ բողոքող ակտիվիստների նկատմամբ գործողությունները 2020 թ․ օգոստոսին),

✔️ցուցաբերել անգործություն և անհետևողականություն, մասնավորապես՝ ատելության և սպառնալիքի խոսքի, բռնության գործողությունների նկատմամբ,

✔️ներգրավել քաղաքացիական հագուստով, իսկ հետպատերազմյան Հայաստանում նաև սևազգեստ ու դիմակավորված անձանց, այն դեպքում, երբ հանրային վերահսկողություն իրականացնող ոստիկանին նույնականացնելու հնարավորությունը օրենքի պահանջ է։

2018 թ․ հեղափոխությունից հետո հանրային ակտիվությունն ավելի մեծացավ։ Միաժամանակ ի հայտ եկան մի շարք նոր նախաձեռնություններ և շարժումներ, որոնք դիրքավորվում են հանրային դաշտում որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտներ։ Նրանց օրակարգը, սակայն, ոչ թե մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն ու խթանումն է, այլ հակառակը՝ պայքարը Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների դեմ, որոնք ուղեկցվում են ատելության, բռնության և ֆիզիկական սպառնալիքներ հրահրող կոչերով և արտահայտություններով։ Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարական զարգացումների խթանման գործընթացը խոչընդոտող նման նախաձեռնությունների և շարժումների գործողությունները ոստիկանության կողմից ոչ միայն չեն կանխվում, այլ ավելին՝ ապահովվում է ակցիաների անխափան իրականացումը, մինչդեռ նման գործողությունները չեն կարող պաշտպանված լինել ժողովրդավարական և իրավական պետությունում։ Նման վերաբերմունքը մեկ անգամ ևս փաստում է, որ իրավապահ համակարգն ի զորու չէ ճիշտ գնահատել իրողությունները և պատշաճ արձագանքել ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին սպառնացող նոր մարտահրավերներին։

Համարժեք չէր նաև անհատական բնույթի դեպքերով ոստիկանության վարքագիծը։ Համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված գործողությունների ժամանակ ոստիկանության ծառայողների ընտրողական մոտեցումից տուժում էին առանձին քաղաքացիներ, մինչդեռ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ ԱԺ պատգամավորների կողմից համավարակի կանոնների հրապարակային խախտման դեպքերին ոստիկանությունը համարժեք չէր արձագանքում՝ ցուցաբերելով ակնհայտ անգործություն և տարբերակված, խտրական վերաբերմունք։ Առանձին դեպքերում ոստիկանությունն, անտեսելով մարդկային կուտակումները, տուգանում էր միայնակ տեղաշարժվողներին՝ դիմակի բացակայության պատճառով, իսկ մի դեպքում անգամ բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ։ Ավելին՝ ոստիկանության ծառայողները հաճախ իրենք չէին պահպանում այն կանոնները, որոնք ցուցված էին համավարակի կանխարգելման համար՝ վերահսկողությունն իրականացնելով խմբերով, առանց դիմակի։

Ամփոփված թվային տվյալներն իրենց հերթին վկայում են, որ հետհեղափոխական Հայաստանում ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերը կրում են շարունակական բնույթ։ Դատելով այդ տվյալներից՝ կարող ենք փաստել, որ 2019 թ․-ին արձանագրված մարդու իրավունքների խախտման դեպքերի նվազումը (2019 թ․՝ 90 դեպք, 2020 թ․՝ 192 դեպք) պայմանավորված է ակցիաների ոչ մեծ թվով և դրանց բովանդակությամբ։ Նախորդ տարի ևս արձանագրվել են բռնության և բերման ենթարկելու անհիմն գործողություններ իշխանության դեմ բողոքների և Ամուլսարի շահագործման դեմ ակցիաների մասնակիցների նկատմամբ (տե´ս Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ ՀՔԱՎ 2019-ի տեղեկանքը)։

2020 թ. ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի կրկնակի աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ։ Ավելին` հետհեղափոխական երկրորդ տարում ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը գերազանցել է հեղափոխական տարում՝ մեծամասամբ հեղափոխությամբ պայմանավորված խախտման դեպքերի թվին։ Ընդ որում` 2020 թ. առաջին կիսամյակում մարդու իրավունքների խախտման անհատական բնույթի դեպքերը կազմել են ընդհանուր թվի 60․5%-ը, իսկ երկրորդ կիսամյակում գերակշռում էին հավաքների ընթացքում խախտման դեպքերը՝ 73%։

Բանն այն է, որ հաշվետու տարվա առաջին կիսամյակում Հանրապետությունում, համավարակով պայմանավորված, ոստիկանության ծառայողներին էր վերապահված, մասնավորապես, ազատ տեղաշարժի սահմանափակումները և անհատական պաշտպանության միջոցներ կրելու պահանջը վերահսկելու գործառույթը։ Նրանք, ունենալով իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու իրավական գործիքակազմ, այնուամենայնիվ դիմում էին ոչ իրավաչափ գործողությունների, բռնության, ներգրավում էին քաղաքացիական հագուստով անձանց՝ քաղաքացիներին պահանջներ ներկայացնելու, ընդհուպ բերման ենթարկելու գործողություններում, այն դեպքում, երբ հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողների՝ սահմանված ձևի համազգեստ կրելը, ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորությունն օրենքի պահանջեր են: Ոստիկանության ծառայողները դրսևորում էին ընտրողական մոտեցում իրավախախտների նկատմամբ՝ որոշ դեպքերում ընդհուպ անտեսելով ակնհայտ իրավախախտումները։

Երկրորդ կիսամյակում՝ հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում, լայն թափ ստացան իշխանության գործողությունների դեմ բողոքի ակցիաները, որոնց իրականացման ընթացքում ոստիկանության աշխատակիցները հաճախ էին դիմում անհամաչափ ուժի կիրառմանը, բողոքի ակցիաների մասնակիցներին ազատությունից զրկելու ոչ իրավաչափ գործողությունների՝ կամայականորեն բերման ենթարկելով նրանց, գենդերային հիմքով ընտրողական մոտեցում էին ցուցաբերում՝ հրահանգելով բերման չենթարկել աղջիկներին։ Արձանագրվել են ոստիկանական գործողություններին դիմակավորված անձանց ներգրավման դեպքեր։

Խնդրահարույց է նաև ՀՔԾ գործունեության թափանցիկության հարցը։ Հետհեղափոխական տարիներին արձանագրվել է ոստիկանության ծառայողների ապօրինի գործողությունների փաստով քննություն իրականացնող այս մարմնի կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ հրապարակումների թվի նվազում։ 2020 թ․ ընթացքում ՀՔԾ կայքի «Լուրեր» բաժնում տեղադրվել է 61 հրապարակում, որոնցից միայն մեկն էր վերաբերում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթադրյալ դեպքին, այն դեպքում, երբ միայն 2 ամսվա ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից արժանապատվությունը նվաստացնելու, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, խոշտանգման դեպքերով ՀՔԱՎ են դիմել 8 քաղաքացիներ։

Համադրելով և ամփոփելով մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո Ոստիկանության գործողությունները՝ կարող ենք փաստել, որ բաժանմունքներում շարունակվում է արձանագրվել քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի պրակտիկան (տե´ս Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ ՀՔԱՎ տեղեկանքներն առ 2016 թ․, 2017 թ․, 2018 թ․, 2019 թ․)։

Այսպիսով՝ իրավապահ համակարգում բարեփոխումների չիրականացված լինելը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, առավել ցայտուն ցույց տվեց տարիներ շարունակ ոստիկանության համակարգում արձանագրված խնդիրների չլուծված լինելու խիստ բացասական ազդեցությունը, որը շարունակում է հանգեցնել մարդու իրավունքների կոպիտ խախտումների։

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930