Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ վիճակում են կորոնավիրուսի դեմ պատվաստված մեր քաղաքացիները

Ապրիլ 28,2021 16:30

«Կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ: Օրական մեր երկրում գրանցվում է 800-1000 դեպք, մահերի թիվը օրական 10-ից ավելի է: Վարակի վերարտադրողության ցուցանիշը 1-ից ավելի է, ինչ նշանակում է՝ առաջիկայում էլ այդ միտումը կպահպանվի»,- այսօր այս մասին ասաց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Արմենպրեսի» մամուլի սրահում տիկին Սահակյանն ասաց, որ հիվանդանոցները շարունակում են գերծանրաբեռնված աշխատել: Մեծ թվով բուժհաստատություններ վերապրոֆիլավորվել են՝ կորոնավիրուսով վարակված անձանց բուժօգնություն ցուցաբերելու համար: Ըստ նրա, եթե կտրուկ շրջադարձ լինի, եւ նորից դեպքերի թիվն ավելանա, ապա պետք է ավելացվի վերապրոֆիլավորված բուժհաստատությունների թիվը:

Գայանե Սահակյանն ասաց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը հանրապետությունում սկսվել է. առաջիկայում պատվաստանյութի նոր խմբաքանակ ձեռք կբերվի, որը չինական արտադրության «Սինոֆարմ» ընկերության արտադրանքն է:

Ապրիլի 28-ի դրությամբ հանրապետությունում կատարվել է 2641 դեղաչափ պատվաստում:

«Պատվաստված որեւէ քաղաքացու մոտ առողջական լուրջ խնդիր չի գրանցվել»-նշեց տիկին Սահակյանը: Ըստ նրա, ամբողջ աշխարհում կատարվել է 1,1 միլիարդ դեղաչափ պատվաստում՝ աշխարհի 170 երկրում եւ մեծամասնությունն իրականացվել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով:

Ասաց, որ ամբուլատոր պոլիկլինիկաները կաշխատեն նաեւ շաբաթ եւ կիրակի օրերը: Առաջին փուլով կպատվաստվեն ռիսկի խմբերը մյուս փուլով՝ մյուս խմբերը. «18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են դիմել «ԱստրաԶենեկայով» պատվաստման, իսկ «Սպուտնիկ-V»-ով առավել խոցելի խմբերը կպատվաստվեն՝ 18-54 տարեկան»:

Ըստ տիկին Սահակյանի, քաղաքացին կարող է պատվաստվել իր նախընտրած պոլիկլինիկայում՝ պարզապես պետք է նախապես տեղյակ պահի: Կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները, որոնք մեր երկրում կացության թույլտվություն ունեն:

Գայանե Սահակյանի խոսքով, պատվաստումից հետ էլ պետք է պահել հակահամաճարակային կանոնները. «Պատվաստվելուց հետո մարդիկ մոռանում են պահպանել անվտանգության կանոնները՝ մտածելով, որ պաշտպանված են, բայց առաջին դեղաչափից հետո առնվազն մեկ ամիս պետք է, որպեսզի մարդու իմուն համակարգն աշխատի եւ պաշտպանիչ հատկությունները ձեւավորվեն: Պատվաստվելուց առաջ ոչ մի հետազոտություն անհրաժեշտ չէ»:

Թե պատվաստվելուց հետո մարդու իմունիտետը որքան կաշխատի՝ հստակ ժամկետներ, ըստ մասնագետի, առայժմ չեն նշվում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930