Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Հեքիմյանը 2 ամսով կալանավորվեց. դատարանի որոշումը պատրաստվում են բողոքարկել

Ապրիլ 28,2021 16:22

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ապրիլի 28-ին հրապարակվեց Հայկ Հեքիմյանի գործով կալանքի միջնորդության որոշումը:

Ապրիլի 22-ին Երևանում՝ դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի գործողությունների առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Հայկ Հեքիմյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Հայկ Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը: Հայկ Հեքիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանավորումը:

«Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր դատարանի որոշումը: Ըստ էության, դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած հանցանքի կատարման վերաբերյալ, և որպես կալանավորման հիմք նշել էր քննիչի կողմից նշված հիմքերից միայն մեկը՝ խոչընդոտելու հիմքը»,- ասաց Բենիկ Գալստյանը՝ նշելով, որ կարծում է, որ այդ ակտը ապօրինի է, և հնարավորինս շուտ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան:

Նա համարում է, որ ապրիլի 22-ին դատախազության դիմաց տեղի ունեցած հրմշտոցի համար մեղավորություն ունի նաև ոստիկանությունը, որը ըստ հավուր պատշաճի, չի կարողացել ապահովել բողոքի գործողության անվտանգությունը. «Եվ ունեցանք ոստիկանի կողմից իմ պաշտպանյալին հարված, որը արձանագրվել է առնվազն տեսագրող սարքերով, այդ հանգամանքը ընդունել է նույն ոստիկանը: Այդ հարվածին հաջորդել է իմ պաշտպանյալի հարվածը, որը ինչպես նշում եմ, իմ խորին համոզմամբ, չի կարող դիտարկվել որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել՝ պայմանավորված վերջինիս լիազորությունների իրականացմամբ: Որովհետև ոստիկանի կողմից անձին հարվածելը չի կարող դիտվել որպես ոստիկանի օրինական լիազորություն: Այդ իսկ պատճառով համարում եմ, որ այդ ակտը ապօրինի է՝ հաշվի առնելով, թե՛ պարոն Մինասյանի անձը (նկատի ունի ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանին, որը Հայկ Հեքիմյանի ազգականն է), թե՛ դեպքի հանգամանքները, որոնք ըստ էության ունեն որոշակի քաղաքականացված տարրեր: Բողոքարկելու եմ, կարծում եմ՝ մեր բողոքը կբավարարվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930