Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի հատ ձեր կենսագրությունը նայեք, թե 2020-ին որտեղ եք աշխատել, պարգեւավճարները ստանում էիք ու լուռ աշխատում էիք». Բանավեճ՝ ԱԺ-ում Հրաչյա Հակոբյանի հարցով

Ապրիլ 28,2021 15:49

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթը վիճաբանության տեղիք տվեց:

Նա խոսեց Սյունիքի միջադեպի եւ պատգամավորներից մեկի՝ Հրաչյա Հակոբյանի արձագանքի մասին. «Սյունեցին այսպիսին պետք է լինի, այսպիսին չպետք է լինի….ինչ է, դո՞ւք եք որոշում, թե ինչպիսին պետք է լինի սյունեցին: Որակումներ մի տվեք: Իրավական գործընթացով պե՞տք է անցնեն մարդիկ՝ թող անցնեն, դո՞ւք եք որոշում, թե ով է խուլիգանը, ով՝ ոչ: Ես խնդրում եմ շատ զգույշ լինել, երբ խոսում ենք մարդկանց մասին: Այս երեք տարիներին մենք սեւի եւ սպիտակի բաժանեցինք մեր հասարակությունը, հիմա էլ ներմուծում ենք Սյունիքի մարզ: Ասում ենք՝ կան լավ սյունեցիներ, որոնք մեր կողքին են եւ կան ոչ այնքան լավ, վատ սյունեցիներ, որոնց էմոցիոնալ, հակաէսթետիկ բառապաշարով ենք փորձում նկարագրել: Այդպես խոսացողներին ես կխնդրեի, կառաջարկեի պարզապես գնալ Սյունիք, կանգնել Շուռնուխում եւ խոսել նման կերպ»:

Տեղից սկսեց արձագանքել Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Գրիգորյանը հորդորեց իրեն չընդհատել ու պատգամավորին վայել արձագանքներ անել:

Մեջբերելով Հրաչյա Հակոբյանի խոսքը՝ «բա պետք է բերման ենթարկեն, այդպես ստորացնելով բերման ենթարկեն»՝ նա ասաց, որ պատգամավորը պետք է պատգամավորական էթիկայի կանոնները պահպանի, հարգի օրենքը, հարգի հանրային բարոյական նորմերը. «Դուք խախտել եք Սահմանադրության մի շարք հոդվածներ եւ ես խնդրել եմ, որ էթիկայի հանձնաժողով ստեղծվի»:

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացիների մասին խոսելիս պետք է լինեն խիստ հարգալից. «Վերջին շրջանում տենդենց է նկատվում, որ Հայաստանը առանձին խմբակներ, ուղղորդված խմբեր փորձում են բաժանել մասերի՝ Հայաստանի անվտանգությանը ուղիղ վնաս հասցնելով: ՀՀ բոլոր մարզերի խնդիրները Հայաստանի խնդիրներն են ու որեւէ մեկը թող չներկայացնի, որ առանձին մարզերի խնդիրներ բացառապես վերաբերվում են տվյալ մարզին ու այդ մարզի բնակիչներին»: Ինչ վերաբերվում է «խուլիգան» եզրույթին, Մակունցն ասաց, որ դա իրենք չեն ձեւակերպում, այլ ձեւակերպված է օրենքով:

Աննա Գրիգորյանին արձագանքեց իր ելույթում նաեւ իմքայլական Սիսակ Գաբրիելյանը. «Ես չտեսա, որ այստեղ որեւէ մեկը բաժանեց, բացի ձեզանից, տիկին Գրիգորյան: Որ ասում եք՝ 3 տարի սեւ ու սպիտակի բաժանեցինք, մի հատ ձեր կենսագրությունը նայեք, թե 2020-ին որտեղ եք աշխատել: Այդ ժամանակ չէին բաժանո՞ւմ, թե՞ որ Շրջակա միջավայրի նախարարությունում պարգեւավճարները ստանում էիք ու լուռ աշխատում էիք, այդ ժամանակ բաժանում չկար: Դուք ձեր հարցազրույցներում ասում եք՝ մեր սյունեցիները, մեր արժանապատիվ սյունեցիները, ախր ո՞վ է բաժանում»:

Վարման կարգով արձագանքեց Հրաչյա Հակոբյանը. «Իրենց անկախ հռչակած մի քանի պատգամավորներ դիմում են ԱԺ խմբակցություններին, որպեսզի էթիկայի հանձնաժողով ստեղծվի եւ քննվի այն հարցը, որ ես ասել եմ, թե իբր ստորացնելով պետք է բերման ենթարկեն սյունեցիներին: Նրանք կա՛մ չեն հասկացել, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են իմ խոսքը: Ես շատ հստակ ասել եմ, որ պետք է ստորացնելով բերման ենթարկեն այն խուլիգաններին, որոնք հայհոյում են ՀՀ վարչապետին եւ հայհոյում են ՀՀ վարչապետի կողմնակիցներին, ՀՀ քաղաքացիներին եւ դա անում են խուլիգանավարի: Մի՛ խեղաթյուրեք իմ խոսքը, կամ եթե լավ չեք հասկանում, մի քիչ ուշադիր եղեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930