Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Եվրոպայի առաջնությունում իր սաների ձեռք բերած հաջողությունների առիթով այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց. «Եվրոպայի այս առաջնությունը իմ, տղաների եւ վստահ եմ, բոլորի համար առանձնահատուկ էր բոլոր առումներով: Այս անգամ մենք ավելի պարտավորված էինք: Երբ պատերազմը սկսվեց, մենք երկու ամիս չմարզվեցինք: Ու այդ ժամանակ հավաքականի տղաներն ասում էին, որ մեր պատերազմը կլինի Եվրոպայի առաջնությունում հաղթելը: Ու հաղթեցին:
Ես որպես կանոն միշտ ասում եմ՝ գոհ եմ արդյունքից: Իսկ հիմա ասում եմ՝ նաեւ շնորհակալ եմ իմ տղաներից, մեր հավաքականից: Ամենակարեւորը՝ բացահայտեցի, որ նրանք շատ ազգասեր են: Դա երեւում էր նրանց աչքերում: Օրինակ, Արթուր Ավետիսյանի ուսի հետվիրահատական ցավը: Դահլիճում ես գիտեի, որ դեռ ցավում է, բայց նա պնդում էր հակառակը ու գնում էր վարժությունը կատարելու, ինչպես կռվի են գնում: Այդպես էին Վահագն Դավթյանը, բոլորը: Տղաներն անում էին ինչ կարող են: Կարող էր նաեւ մի քանի մեդալներ էլ լիներ, բայց եղավ ամենակարեւորը՝ ոսկե մեդալը: Ու որ շատ խորհրդանշական է՝ ապրիլի 24-ին: Ոսկի պիտի լիներ հենց այդ օրը, թեեւ մենք ավելի շատ սպասում էինք հենացատկում: Բայց այդ օրը նժույգն էր ու եղավ նժույգ թափում:
Անկեղծ պիտի ասեմ: Մեդալներ շատ են եղել, բայց ես երբեք հպարտության այսպիսի զգացում չեմ ունեցել:
Նժույգ թափում Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը հաստատեց, որ ինքը եւ ամբողջ թիմը նույնպես շատ ուրախ են, որ Եվրոպայի առաջնությունում Հայոց եռագույնը բարձրացավ եւ օրհներգը հնչեց հենց ապրիլի 24-ին: «Դա մի այլ զգացողություն էր: Ինչ մրցման մասնակցել ենք, ինչ տեղ էլ զբաղեցրել ենք, այդպիսի զգացողություն չենք ունեցել: Ինչ վերաբերում է հենացատկին, ես լավ էի պատրաստվել, սակայն մրցման օրը դա փորձ էր, որը չստացվեց: Հիմա ավելի լավ կաշխատենք վարժության վրա, ավելի կբարդացնենք ու կկատարելագործենք, որպեսզի օլիմպիական խաղերի ժամանակ խնդիրներ չառաջանան»,-վստահեցրեց նա:
Կարդացեք նաև
Արթուր Ավետիսյանը իր հերթին հավաքականի անդամների անունից շնորհակալություն հայտնեց մարզիչներին՝ նշելով, որ ինչ անում են եւ ինչի կարողանում են հասնել, մարզիչների շնորհիվ է: «Հիմա ուսիս վնասվածքով պիտի զբաղվեմ: Ցավեր դեռ կան: Պիտի դրանք հաղթահարեմ, որպեսզի վարժություններս բարդացնեմ ու ավելի լավ հանդես գամ»,-ասաց նա:
Գագիկ Խաչիկյանը նշեց, որ առաջին անգամ էր հանդես գալիս մեծահասակների խմբում: «Մրցելույթիցս այնքան էլ գոհ չեմ: Մի փոքր լարվածություն կար, դրա համար կատարումս թերի էր: Բայց կվերլուծենք ու սխալները կշտկենք»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ