«Որպեսզի փորձենք գնահատել մեր առջև ծառացած մարտահրավերները՝ պիտի բնութագրենք ներկայիս իրավիճակը: Ոմանք այն բնութագրում են որպես ճգնաժամային. Ես այդ մոտեցմանը դեմ չեմ, ավելին՝ ես այս իրավիճակը գնահատում եմ որպես ազգային աղետ: Մենք այսօր կանգնած ենք պետականության կորստի սպառնալիքի առջև»,- այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
Նա հավելեց, որ ՀՀ քաղաքացու անվտանգությունը երբեք այսքան խոցելի չի եղել՝ որպես օրինակ նշելով Սյունիքի անվտանգային խնդիրները։
Սա, բանախոսի կարծիքով, հետևանք է այն բանի, որ Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակը փոխվեց, ավելացավ Թուրքիայի ազդեցությունը, որը գնալով խորանում է ի հաշիվ Հայաստանի անվտանգության. «Չեմ ուզում թերագնահատել ներքին քաղաքականության խնդիրների լուծման կարևորությունը, բայց այս պահին առավել ահագնացող են անվտանգային խնդիրները: Ուստի, հարց է առաջանում, թե ո՞վ երկիրը հասցրեց այս վիճակին, ե՞ս, դու՞ք, թե՞ իշխանությունն՝ իր անհասկանալի և ամպագոռգոռ գործելաոճով»,- ասաց նա:
Խոսրով Հարությունյանի պնդմամբ՝ նման իրավիճակից ելքն ընտրությունները չեն: Նա կարծում է, որ սա ընտրություն չէ իշխանության համար, քանզի այս ընտրությունների գինն առաջացած «փոսից դուրս գալն է»: Բանախոսի կարծիքով՝ սպասվողը ոչ թե անձի ընտրություն է, այլ ճանապարհի. «Նրանք, ովքեր կարծում են, որ այս մարդը պիտի իշխանության մնա, ստորագրում են իրենց երեխաների կործանարար ապագայի տակ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախն ու Հայաստանն ունեն ապագա՝ նախկին վարչապետը փաստեց. «Այո՛, Արցախն ու Հայաստանն ունեն ապագա, սակայն Նիկոլ Փաշինյանն ու նրա խումբն այդ ապագայի հետ անելիք չունեն: Ո՞նց կարելի է նման մարդու վստահել վաղվա օրը, ուր մնաց՝ ապագան: Ես ասեմ ավելին, հնարավոր է, որ այս ամենը քաղաքական մանիպուլյացիա լինի և այդպես էլ ընտրություններ չլինեն: Սակայն, եթե դրանք լինեն, հուսամ հանրության մեծամասնությունը կհասկանա, որ այս ուղտը չոքելու է բոլորիս դռանը, եթե իշխանափոխություն չլինի»:
Ինչ վերաբերվում է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի արտաբերմանը՝ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար գուցե օրենք էր պետք, ինչպես եղավ Ֆրանսիայում: Սակայն, ըստ նրա, ամեն դեպքում այս քայլը ողջունելի է, քանզի այլևս հնարավոր չէ շահարկել այն փաստը, որ նույնիսկ ԱՄՆ-ն է կասկածի տակ դրել Եղեռնը: Բանախոսի փոխանցմամբ, սա նպաստում է Հայաստանի գործոն դառնալուն, քանզի տեսանելի է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն այս առթիվ ցավ են ապրում. «Թուրքիան ու Ադրբեջանը կարծում էին, թե պատերազմից հետո Հայաստան չի լինի, բայց բոլորի համար է պարզ, որ սա խոսում է ի նպաստ հայության և ողջ հայ ժողովրդի: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ Բայդենի այս քայլն արդյունք էր հայկական կազմակերպությունների համառ և անխոնջ ջանքերի: Բայց, այս հնարավորությունն օգտագործելու համար պետք է նոր իշխանություն»,- ասաց նա:
Ի պատասխան լրագրողների՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցի՝ Խոսրով Հարությունյանն ասաց. «Սա քաղաքական «բազառի» արդյունք է: Մենք և Դուք ներկա չենք եղել այդ «բազառին» և տեղյակ չենք, թե ինչպես են որոշել Սահմանադրությունն օգտագործել, ոչ թե կիրառել, սեփական շահերի համար: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ կանգնել է 2018թ. իր հայտարարության մեկնաբանման խնդրի առաջ: 2018 թվականին նա հրապարակավ ասել է, որ պաշտոնաթող վարչապետը չի կարող մնալ և շարունակել գործունեությունը՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար: Այսօր մենք ականատես ենք լինում իշխանության յուրացման, որը քրեորեն հետապնդելի արարք է: Իսկ բոլոր իրավապահ մարմինները, ովքեր լուռ են, պիտի գիտակցեն, որ հանցակիցն են դառնում այս հանցագործության»:
Նախկին վարչապետի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնին կառչելը պայմանավորված է ուժային կառույցներն իր ձեռքում պահելով և այն փաստով, որ նա դեռևս չի ավարտել իր ծրագիրը, որն ակնհայտորեն չի բխում Հայաստանի և Արցախի շահերից:
«Ես ուզում եմ ասել, որ ոչ մի նախկին չի ուզում գալ իշխանության: Բոլորը փորձում են իրենց հմտություններ ու կարողությունները դնել այս երկրի փրկության, զարգացման գործում: Ոչ մի նախկին չի պայքարում իշխանության համար, իշխանությունն ընդամենը միջոց է: Եկեք քննադատենք նախկիններին ինստիտուցիոնալ ձախողումների մասին, բայց եկեք ասենք, որ 1998 թվականին ունեինք աղետի գոտի Գյումրի, ավերակներ, իսկ այսօր այն ծաղկուն է: Եթե այս երկրում քարը քարին է դրվել, դա արվել է միայն 1998-2018 թվականներին»,- ամփոփելով հայտարարեց Խոսրով Հարությունյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ