ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով փորձում են վերացնել ժամանակին օրենքով մեկ անձի տրված մենաշնորհը:
Հիմնական զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նախագիծը ներկայացնելիս այն կապեց Սյունիքում վարչապետին հայհոյող շրջանակների հետ. «2017 թվականի վերջին մի համայնքապետ է լինում, որը նամակով դիմում է այն ժամանակվա գործող վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որ իր համայնքում գործարար միջավայրի բարելավման, նոր աշխատատեղեր ստեղծելու համար «Հարկային օրենսգրքում» սահմանվի արտոնություն: Կառավարությունը հավանության է արժանացնում ու նախորդ՝ 6-րդ գումարման խորհրդարանը ընդունում է «Հարկային օրենսգրքում» մի փոփոխություն, որը թվում է առաջին հայացքից իսկապես լավ բան է: Խոսքը մասնավորապես Մեղրիի մաքսակետից մինչեւ 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստի առկայության դեպքում, երբ Իրանից մեքենաները գալիս են, ազատվում են ճանապարհային հարկի վճարումից: Խոսքը մոտ 300 դոլար դրույքաչափի մասին է՝ 152 հազար դրամ: ԱԺ-ն ընդունում է այդ օրենքը ու փաստացի ստացվում է, որ մինչեւ 1 կմ հեռավորության վրա դեռեւս 2004 թվականից այնտեղ գործում է մի հատ պահեստ, որը ստանում է մաքսային պահեստի լիցենզիան: Ֆիզիկապես այնտեղ երկրորդ պահեստը հնարավոր չի կառուցել, այն ֆիզիկապես տարածություն է զբաղեցնում: Այդ պահեստը երկու տարի օգտվում է այս արտոնությունից: Պահեստի սեփականատերը հանդիսանում է համայնքապետի կինը: Բայց սա էլ վերջը չէ: Օրինակ, 2019-ին այդ պահեստում Իրանից մուտք գործած մեքենաների 70%-ը եղել է կրկին իր ընտանիքին պատկանող բիզնեսը, այսինքն, ոչ միայն իր ընտանիքին պատկանող պահեստի արտոնություն է եղել, այլ նաեւ բիզնես է եղել՝ դիզվառելիքի ներմուծման…անունները չթվարկեմ: Մոտ 70%-ը այդտեղ է դատարկվել ու ամեն մեքենա չի վճարել այդ 300 դոլար ճանապարհային հարկը, իսկ դիզվառելիքի, բենզինի մեջ, ըստ մյուս ներկրողների, դա կազմում է սակագնի մեջ 15-20 դրամ տարբերություն: Իրանից մուտք գործ 2020-ին 34 հազար մեքենա, որից 2600-ը գնացել է այս պահեստ ու այդ 2600-ի առյուծի բաժինը 3 ընկերություններ են, որոնցից երկուսը, ես փորձեցի e-register-ով տեսնել, բայց այդ համայնքապետը վերջին երկու օրը կարծես մոռացել է Սյունիքի անվտանգության խնդիրների մասին, առավոտից երեկո հարցազրույցներ է տալիս ու ասում է՝ իմ բիզնեսին են կպնում: Այսինքն, արդեն սովորական է դարձել, որ ինքը բիզնեսմեն է: Ասում է ՝ հայտնի միջադեպից հետո իմ բիզնեսի հետեւից են ընկել: Բայց այս նախագիծը ապրիլի 2-ին է շրջանառության մեջ դրել, միջադեպից 25 օր առաջ, այդ շրջանակը հասկացել էր, որ այս խորհրդարանը գտել է մեկ անձի համար գրված օրենքը: ՊԵԿ նախագահի տեղակալը ապրիլի 21-ին է այցելել այդ պահեստը»:
Այս ամենը ներկայացնելով՝ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ սրանից հետո հանրության համար ակնհայտ կլինի, թե ինչով էր պայմանավորված Սյունիքում նման «խուժան» վարքագիծը:
Իմքայլական Վահագն Ալեքսանյանը խնդրեց ներկայացնել, թե այս տարիներին այդ արտոնության հաշվին ինչքա՞ն օգուտ է ստացել այդ անձը ու մանրամասն ներկայացնել բացահայտված շղթան: Գաբրիելյանը պատասխանեց, որ ոնց որ որոշեն, որ այստեղ նստած պատգամավորը 3 անգամ ավելի աշխատավարձ է ստանալու:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ