Ավանդույթի համաձայն՝ 2021 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց այս տարվա «Ավրորայի» հերոսներին, որոնց անունները արձանագրվեցին 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում:
Այն «Ավրորայի» յուրահատուկ տարեգիրքն է, որը ներկայացնում է «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների պատմությունները, արտացոլում «Ավրորա» մրցանակի ունեցած ազդեցությունը: Այս տարի ավելի ուշ ձեռագրում կներառվի նաեւ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը:
Այս հատուկ արարողությունը տեղի ունեցավ Մատենադարանում, որտեղ ավելի քան 23.000 հնագույն ձեռագիր է պահվում, ուսումնասիրվում եւ վերականգնվում: Այստեղ «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը միակն է, որ ստեղծվել է 21-րդ դարում՝ համաձայն հայկական հնագույն բոլոր ավանդույթների եւ օգտագործելով միայն բնական նյութեր, ինչպես արել են դարերի ընթացքում:
«Կարծես, ստեղծվում է նոր պատմություն: Երբ նոր էր ներկայացվում ձեռագիրը, թվում էր, թե այն մեր ժամանակների հերոսների մասին է, բայց տարեց տարի այն դառնում է պատմություն: Ու կասկած չկա, որ ժամանակի ընթացքում այս ձեռագրի արժեքը միայն կմեծանա»,- ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:
«Խորհուրդը հենց սերնդափոխությունն է, որը պետք է լինի անսասան, ինչն էլ ազգի, ընտանիքի ոչ թե գոյատեւման, այլ արժանապատիվ կյանքի դրսեւորումներից է: Հենց սերունդների միջեւ կապը կտրվում է, մեզ հետ ամեն ինչ կարող է պատահել»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Գեղարվեստական խորհրդի նախագահ Մարինե Ալեսը:
Կարդացեք նաև
«Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ ներկայացվել է 2018 թ. ապրիլի 24-ին՝ նոր էջ բացելով մարդասիրական հարատեւ արժեքների ժամանակագրության մեջ: Երեք տարի անց առաջին անգամ այս արարողությունը Մատենադարանում անցկացվեց առանց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանի, որը վերջերս հեռացավ կյանքից:
«Ես պատիվ եմ ունեցել Վարդան Գրեգորյանի հետ միասին մասնակցելու «Ավրորայի» հերոսների ընտրությանը: Նա չափազանց մանրազնին ուսումնասիրում էր յուրաքանչյուր առաջադրում եւ միշտ կրկնում էր՝ յուրաքանչյուրն արժանի է «Ավրորայի» հերոսի կոչմանն ու մրցանակին»,- հիշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին:
«Այսօր պատմական օր է բոլորիս համար, քանի որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է ողբերգական փորձառությունն իր առաքելությամբ և «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարով՝ մեծարելով նրանց, ովքեր այսօր են կյանքեր փրկում, ինչպես բոլոր այն մարդասերները, որոնք փրկեցին հայերին մեկ դար առաջ: Այսօր առաջին անգամ այս արարողությանը մեզ հետ ներկա չէ մեր ընկեր, «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։ Ցավոք, «Մատյան մարդասիրաց» ձեռագրում կարձանագրվի նաեւ այս կորուստը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ ցավով արձանագրելով մեծ գիտնական եւ բարերար, ամերիկահայ բացառիկ մարդասեր Վարդան Գրեգորյանի կորուստը:
«Մատյան մարդասիրաց» ձեռագիրը կցուցադրվի Մատենադարանի հնատիպ գրքերի սրահում եւ հասանելի կլինի հանրությանը միայն մեկ ամիս՝ մինչեւ 2021 թ. մայիսի 24-ը:
«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:
«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի համաշխարհային շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի փրկողների շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:
Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:
Այս ութամյա հանձնառության (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի (1934-2021), Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Երեւան, Հայաստան):
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն