Մայիսի 3-ին Մամուլի ազատության օրվան ընդառաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեչինովիչ Բուրիչը կոչ է արել եվրոպական կառավարություններին ավելի ամուր քաղաքական կամք դրսևորել լրագրողներին և անկախ լրագրությունը պաշտպանելու ուղղությամբ:
«Մամուլի ազատությունը մեր ժողովրդավարությունների կարևորագույն հիմնասյունն է… Մի շարք երկրներում մամուլի ազատության նկատմամբ հարգանքը նվազում է: Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել լրագրողների դեմ բռնության և նրանց ահաբեկելու դեպքերի աճի,- ասել է նա: – COVID-19-ի համավարակի ընթացքում բազմաթիվ հաղորդագրություններ են եղել լրագրողների նկատմամբ բռնությունների և ճնշումների վերաբերյալ, երբ նրանք կասկածի տակ են դրել կառավարությունների քաղաքականությունները: Միաժամանակ որակյալ մամուլը բախվում է լուրջ տնտեսական մարտահրավերների, և բազմաթիվ լրագրողներ կորցրել են իրենց աշխատանքը համավարակի պատճառով»:
Բուրիչը հիշեցրել է, որ պետությունները պարտավորություն ունեն ապահովելու, որպեսզի լրագրողները կատարեն իրենց աշխատանքը՝ զերծ մնալով բռնությունից և ահաբեկումից, այդպիսով իրականացնելով հանրային «պահապան շան» իրենց դերակատարությունը:
«Եվրախորհուրդը շարունակում է պատրաստակամ մնալ աջակցելու իր անդամ երկրներին՝ ստեղծելու և խթանելու այնպիսի միջավայր, որտեղ բազմակարծիք, բազմազան և անկախ մեդիան կարող է իրականացնել իր դերը և նպաստել ամրապնդելու ժողովրդավարությունները»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Իր մտահոգությունների վերաբերյալ գլխավոր քարտուղարը հրապարակել է զեկույց, որում թվարկված է 2020թ. Եվրախորհրդի անդամ երկրներում արձանագրված մեդիայի ազատության նկատմամբ սպառնալիքի 201 դեպք: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 40%-ով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ