ԱԺ արտահերթ նիստում իմքայլական Վահագն Հովակիմյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների փաթեթն է քննարկվում: Այս փոփոխությունները ընդգրկված են նաեւ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների մեծ փաթեթում, բայց քանի որ այդ փաթեթը կարող է չընդունվել, առանձնացրել են մի մասը ու առանձին օրենքով են ուզում ամրագրել:
Մասնավորապես, առաջարկվում է ընտրական գործընթացը խոչընդոտելու համար, որպես ծանրացուցիչ նորմ, կիրառել տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու հետեւանքը: Հովակիմյանը հիշեցրեց, թե ինչպես էին նախկինում ինչ-որ դեմքեր փորձում ընդդիմության քարոզարշավը խոչընդոտել ու մնում էին անպատիժ. «Այս նորմը կստիպի այլեւս բոլոր այդ անձանց, ովքեր կփորձեն քարոզարշավը խոչընդոտել, կենթարկվեն քրեական պատասխանատվության, քաղաքական հայացքները կապ չունեն»:
Մյուս փոփոխությունը վերաբերում է տեղամասում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելուն: Նախկինում եւս նման դեպքեր եղել են. «Կազմակերպված բռնության փորձեր, սպառնալիքներ էին տեղի ունենում տեղամասում, որոնք առաջին հայացքից կապ չէին ունենում ընտրությունների հետ, բայց ընտրությունների բնականոն ընթացքը խաթարում էին»:
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը մտահոգություն հայտնեց, որ խախտումից հետո ինչքան էլ պատժվեն, ընտրությունների բնականոն գործընթացը չի վերականգնվի, պետք է ամեն ինչ անել՝ կանխելու համար:
«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանն ասաց, որ նախագծով հոդված կա՝ ընտրություններին մասնակցող կուսակցության կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություն տալը, դա զրպարտության դաշտ է մտնում, իսկ Հայաստանում զրպարտությունն ապաքրեականացված է եւ խնդիր ենք ունենալու միջազգային կոնվենցիաների հետ կապված:
Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ առաջարկվող նորմը երկար է քննարկվել ու որոշվել է մինչեւ երկրորդ ընթերցում այդ դրույթը հանել:
Սամսոնյանը նաեւ հարցրեց նվիրատվության հարկադրելու նորմից. «Ընդդիմությունը չունի որեւէ լծակ մարդկանց հարկադրելու նվիրատվություն կատարել իր կուսակցության կամ հիմնադրամի օգտին: Այլ հարց է իշխանությունը, որն ունի գործադիր, վարչական լծակներ ու կարող է հարկադրել օրինակ գործարարներին նվիրատվություն կատարել նախընտրական քարոզարշավի համար: Օրենքը ինչպե՞ս է կիրառվելու հավասարապես»:
Հովակիմյանը պատասխանեց, որ խտրականություն չի լինի. «Ասում եք՝ ընդդիմությունը լծակ չունի նվիրատվության: Մեր իրողությունն այնպիսին է, որ այսօր նման հնարավորություն ունի ու դա անում են բացահայտ որոշ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող շրջանակներ: Աշխատողներին, իրենց ենթակայության անձանց, այդ թվում նաեւ որոշ քաղաքապետեր իրենց քաղաքապետարանի աշխատակիցներին փորձում են որոշ բաներ պարտադրել: Դա այնպես չի, որ տեսանելի չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ