«Այո, Ալիեւը հայտնվել է իր ընտանիքի հետ սոսիների պուրակում։ Որքան էլ պնդեն, որ նա այնտեղ չի եղել, ակնհայտ է, որ զիջված տարածքներում, մասնավորապես՝ դեկտեմբերի 18-ից զիջված տարածքներում է, որ գտնվել է Ալիեւը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով սոսիների պուրակում ալիեւների լուսանկարին՝ ասաց «Իմ քայլից» դուրս եկած սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց․ «Դեկտեմբերի 18-ին, չնայած այն փաստին, որ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությամբ զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ գտնվում են այդ պահին, եղել է հրաման, որ հետ քաշվենք։ Հետ քաշվելով՝ զիջել ենք անվտանգության գոտին, որի մի հատվածում եղել է նաեւ սոսիների պուրակից հատված։ Այդտեղից են ալիեւները լուսանկար հրապարակել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ