Այսօր ԱԺ արտահերթ նիստում շեղվելով քննարկվող օրակարգային հարցերից՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ վարչապետ Փաշինյանի հասցեին Սյունիքում հնչած հայհոյանքներին ու միջադեպին. «Ժամանակին աֆրիկյան ծագող որսորդական աստղ, «պրիվետ» բառի համատարած համահայաստանյան տաբուի հեղինակ հանդիսացած նախկին նախագահի, որի վերջին հարցազրույցը ռուսական առաջին ալիքին կարծես գրված, մշակված, վերամշակված լիներ ադրբեջանական առաջատար լոբբիստների կողմից, այդ նախագահի ադեպտները Սյունիքում որոշել էին շեֆին նախընտրական անակնկալ մատուցել՝ վերջինիս սիրած ատրիբուտներով՝ լկտիությամբ, հայհոյանքներով: Ադեպտները սրանով փորձում էին կոտրել ոչ թե վարչապետին, ՔՊ-ին, այլ առաջին հերթին սյունեցուն»:
Ալեքսանյանն ասաց, որ նրանք հաշվի չեն առել, որ եթե նրանց չի հաջողվել սյունեցուն կոտրել իրենց իշխանության ժամանակ, հիմա չի հաջողվի. «Նույնիսկ այն ժամանակ, երբ պետական պաշտոնյաների, նրանց մերձավորների, թիկնազորերի կոզմից բեսպրեդելը Սյունիքում դրած է եղել արտադրական ռելսերի վրա, եղել է մարզային թիվ մեկ առաջնահերթություն, իհարկե, Սյունիքի ընդերքը մեջ-մեջ անելուն զուգահեռ, ապա հատկապես դա չի հաջողվելու հիմա: Սյունեցին հունիսի 20-ի ընտրություններին ցանկապատված սավաննաների առյուծների ու բիզոնների ահուսարսափին իր տեղական ադեպտների հետ ջախջախելու է իր քվեով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ