Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայի խորհրդարանը Բայդենի ուղերձը դատապարտող հայտարարություն է արել

Ապրիլ 28,2021 13:34

Ermenihaber. Թուրքիայի «Պաշտոնական թերթում» (Resmi Gazete) հրապարակվել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) գլխավոր խորհրդի որոշումը, որը դատապարտում, մերժում և առոչինչ է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը:

Նշենք, որ ապրիլի 27-ին մեջլիսի լիագումար նիստում քվեարկության է դրվել մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփի ստորագրությունը կրող հայտարարությունը:

Հայտարարությանը կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ), «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP), ազգայնական ուղղվածության «Լավ» կուսակցությունը և գլխավոր ընդդիմադիր, քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP): Հայտարարությանը դեմ է քվեարկել միայն ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP):

«Մենք ափսոսանքով և խստագույնս դատապարտում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 2021թ. ապրիլի 24-ի արած հայտարարությունը, որում առկա են 1915թ. իրադարձությունների վերաբերյալ հայկական լոբբիի պնդումները, ինչպես նաև խստագույնս մերժում ենք այն անհիմն զրպարտությունները, որոնք այլ բան չեն նշանակում, քան քաղաքական դրդապատճառներով պատմության խեղաթյուրում: ԱՄՆ նախագահի կողմից արված այս հայտարարությունը, որն իրավասու չէ դատել պատմական հարցերը, մենք համարում ենք առոչինչ»:

Նշվում է նաև, որ 106 տարի անց նման «անպատասխանատու հայտարարություն անելու պատճառն այն է, որ ԱՄՆ վարչակազմը ենթարկվում է  հայկական լոբբիստական ուժերի ճնշմանը»:

«Պատմական փաստերի հետ անհամատեղելի այս հայտարարությունը տրամաբանորեն չբացատրվող և անպատասխանատու քայլ է, որը ոչ մի նպաստ չի բերում ժողովուրդների մերձեցմանը»,- նշված է խորհրդարանի հայտարարության մեջ։ Այնուհետև անդրադարձ է կատարվում 2005թ. համատեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և աշխարհի առաջ արխիվները բացելու, 1915թ. իրադարձություններն ուսումնասիրելու առաջարկին:

Բացի այդ, հիշեցման կարգով ներկայացվում է ՄԻԵԴ-ի 2015 և 2017թթ. վճիռները, փորձ անելով ցույց տալ, որ պատմական բանավեճից այն կողմ հնարավոր չէ որևէ իմաստ վերագրել «1915թ. դեպքերին»:

«Ցեղասպանությունը միջազգային իրավունքի հայեցակարգ է, որի շրջանակը ծայրաստիճան հստակ է, և դրա օգտագործումը հիմնված է շատ կոնկրետ պայմանների վրա»,- նշվում է հայտարարության մեջ և Բայդենի արարքը գնահատվում որպես  իրավական և բարոյական անպատասխանատվության օրինակ։

Խորհրդարանի պատգամավորների մեծամասնության համոզմամբ՝ Բայդենի հայտարարությունը նպաստելու է, ժողովուրդների բևեռացմանը, արմատական-ծայրահեղական շրջանակների օրակարգին և ատելության խոսքի խրախուսմանը:

Մեջլիսը կոչ է արել ԱՄՆ նախագահին շտկել «իր այդ սխալը», աջակցել տարածաշրջանի ժողովուրդների, մասնավորապես թուրք և հայ ժողովուրդների խաղաղության, կայունության և վստահության մթնոլորտում ապրելու ջանքերին և հետ կանգնել ընդունած որոշումից, որն անխուսափելիորեն բացասաբար է ազդելու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930