ԱԺ անկախ պատգամավորները դիմել են խորհրդարանական խմբակցություններին, որպեսզի վերջիններս դիմեն ԱԺ նախագահին՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու եւ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի վերջին հայտարարությունները քննարկման առարկա դարձնելու նպատակով։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ՝ ուսումնասիրության առարկա պետք է դառնա Հակոբյանի այն ձեւակերպումը, թե «այո, սյունեցիներին ստորացնելով պետք է բերման ենթարկեն»։ Աննա Գրիգորյանը հարցադրում արեց՝ դա ԱԺ պատգամավորի մի՞տք է․ «Ոչ, որովհետեւ այն խախտում է մի շարք օրենքներ, որոնց մասին նշել ենք մեր դիմումի մեջ։ Դեռ արձագանք չունենք, եւ այսօր կխոսեմ խմբակցությունների հետ։ Երբ ԲՀԿ պատգամավորն օգտագործեց «ժեխ» բառը, ստեղծվեց էթիկայի հանձնաժողով։ Ինչո՞ւ այս դեպքում բոլորը լուռ են։ Ուզում եմ, որ շատ հստակ գնահատականներ տրվեն»։
Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի այն ձեւակերպմանը, թե «Էդ Սյունիքում որեւէ մեկն անպատիժ չի մնա», Աննա Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ դա բացառապես անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է․ «Այսօր էլ շատերը խոսում են ու ասում, թե սյունեցին այսպիսին չի կարող լինել, պետք է լինել այնպիսին։ Դուք ի՞նչ կապ ունեք սյունեցու հետ, որ նման որակումներ եք տալիս։ Այսինքն, ձեր համար նախընտրելի եւ ոչ նախընտրելի սյունեցիներ կա՞ն։ Սա ի՞նչ տարանջատում է։ Նման բաժանումը հասել է սյունեցիների մոտ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ