Երկրորդ ընթերցումից առաջ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում այսօր ներկայացվեց ՀՀ հարկային օրենսգրքում եւ «ՀՀ տոների ու հիշատակի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով, հիշեցնենք, սահմանվում է հարկ վճարողի օր, իսկ օրինապահ հարկ վճարողները ստանում են հավաստագրեր։
«Փաթեթը լրամշակվել է կառավարության առաջարկների հիման վրա։ Տեխնիկական շտկումներ են արվել՝ խուսափելու համար տարընթերցումներից։ Օրենսդրական փաթեթի ընդունումն այս ընթացքում հիմնավորվել է դրա հանդեպ հանրային հետաքրքրվածության աճով։ Դրա մասին է վկայում նաեւ հարկ վճարողների կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու դիմումների քանակը։ Օրինապահ հարկ վճարողի չափանիշները կսահմանի կառավարությունն առաջիկայում»,-հանձնաժողովականներին տեղեկացրեց օրենսդրական փաթեթի զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
«Ապրիլի 19-ը հարկ վճարողի օր է սահմանվում։ Եկել ենք եզրահանգման, որ նման օր սահմանելն ամենախոսուն կարգավորումն է, որը կընդգծի հարկ վճարողի՝ որպես առանձին սուբյեկտի կարգավիճակը»,-համոզմունք հայտնեց ՊԵԿ նախագահը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ