Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում. Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին

Ապրիլ 28,2021 13:04

Շարունակելով միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ խնդրին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին՝ ընդգծելով, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:

Ընդգծելով, որ 2020 թվականը Հայաստանի համար դժվար տարի էր ոչ միայն կովիդի, այլև շատ ավելի ծանր՝ սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի պատճառով՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Չնայած միջազգային հանրության կողմից պատերազմն անհապաղ դադարեցնելու պարբերական կոչերին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զանգվածաբար և միտումնավոր կերպով թիրախավորում էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ կոպտորեն ոտնահարելով մարդու իրավունքներն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Այս ամենը հանգեցրեց հազարավոր երիտասարդ կյանքերի կորստի, հազարավորների հաշմանդամության, բնակչության տեղահանման ու հայկական պատմական ու մշակութային ժառանգության ոչնչացման ու ավերման:

Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք են գերեվարվել, նրանք ենթարկվում են խոշտանգումների և արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից»:

Ընդգծելով, որ այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, և միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրություն է պահանջվում՝ Հայաստանի նախագահը չափազանց կարևոր է համարել, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:

Ներկայումս Ադրբեջանը մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ շարունակում է մերժել և խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին:

Այս համատեքստում նախագահ Սարգսյանը մատնանշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքը և փաստահավաք գործունեությունը, որը միջազգային ատյաններում մշտապես բարձրաձայնում է հայկական կողմի մտահոգությունների ու առկա խնդիրների մասին:

Նշելով, որ Հայաստանը բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ Հայաստանի նախագահը դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին և կազմակերպությանը՝ կոչ անելով միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930