Կապան քաղաքը հռչակվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: «Դեռ 2019թ է Կապանը ճանաչվել Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: Մայիսի 1-ին արդեն այցելելու ենք Կապան` առաջին միջոցառումը եւ բացման հանդիսավոր արարողությունն իրականացնելու համար: Ի դեպ, Վանաձորը մեր նախկին երիտասարդական մայրաքաղաքն էր»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ հավելեց, որ նախարարությունն արդեն երիտասարդական քաղաքականության վարչության նոր պետ ունի եւ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու նպատակներ:
Արթուր Մարտիրոսյանը հայտնեց, որ ողջ տարվա ընթացքում բազմապիսի միջոցառումներ են նախատեսում Կապանում` ԿԳՄՍ նախարարության եւ Կապանի քաղաքապետարանի գործընկերությամբ, ինչպես նաեւ տարբեր կառույցների հետ համագործակցությամբ: Այդ միջոցառումների շարքում նա առանձնացրեց ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը եւ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջոցառման եզրափակիչ փուլը, որոնք նախատեսվում է անցկացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը պարզաբանեց, որ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ասվածը կարգավիճակ է, որը համապատասխան մրցույթի արդյունքում շնորհվում է համայնքի կարգավիճակ ունեցող քաղաքին կամ համայնքի կազմի մեջ մտնող քաղաքին` մեկ տարի ժամկետով: Նա հավելեց, որ 2019-ին մրցույթի արդյունքում 2020թ երիտասարդական մայրաքաղաք էր ճանաչվել Կապանը, բայց քանի որ 2020թ բոլոր միջոցառումները հետաձգվել էին կամ տեղի չէին ունեցել, հետեւաբար 2021թ Կապանը ճանաչվում է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք:
Գոհար Մամիկոնյանը նշեց, որ միջոցառումը կբացվի մայիսի 1-ին, պատվիրակություններ կժամանեն այդ առիթով, այնուհետեւ Կապանի քաղաքապետարանից կշարժվեն Բաղաբուրջ հուշահամալիր, որտեղ ծաղիկներ կդրվեն Արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին: Միջոցառումներ են նախատեսված Կապանի մշակույթի կենտրոնում` մասնավորապես հուշագրի ստորագրում ԿԳՄՍ նախարարության եւ Կապանի համայնքապետարանի միջեւ, նկարչական ցուցահանդես: Նախատեսված է նաեւ համերգ` Թաթուլ Ալթունյանի անվան երգի եւ պարի անսամբլի, Կապանի մշակույթի տան երաժիշտների հետ համատեղ:
Կարդացեք նաև
Գոհար Մամիկոնյանը նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ դեկտեմբեր նախատեսված են համայնքային, մարզային, համապետական նշանակության միջոցառումներ, որոնք կկայանան եւ Կապան քաղաքում, եւ Կապան խոշորացված համայնքում:
«Ֆիչըր» կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանն էլ հայտնեց, որ աջակցելու են միջոցառումների` բարձր մակարդակով իրականացմանը: Նա կոչ արեց երիտասարդներին մասնակցել միջոցառումներին, ասաց, որ ի թիվս այլնի՝ լինելու է սպորտլանդիա, համապետական մակարդակի ինտելեկտուալ մրցույթ:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հավելեց, որ ցանկացած քաղաքային համայնք խնդիր ունի աշխուժացնելու երիտասարդների կյանքը եւ նպաստելու նրանց առավելագույն ներգրավմանը տվյալ համայնքի զարգացմանը: Ըստ նրա, նման խթան են նաեւ Կապանի` երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու համատեքստում իրականացվելիք միջոցառումները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ