ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետը մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նիստին
Ապրիլի 27-ին ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ «Ասիայում և Խաղաղ օվկիանոսում տարածաշրջանային համագործակցության միջոցով ավելի լավ վերականգնել ճգնաժամերից» խորագրով նիստը, որին ելույթով հանդես եկավ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանը:
Անդրադառնալով COVID-19 համավարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով առաջացած համաշխարհային առողջապահական աննախադեպ ճգնաժամին՝ Արման Խաչատրյանն ընդգծեց, որ ճգնաժամի հետևանքների հասցեագրումը հնարավոր է տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորացման միջոցով և այդ առումով ՄԱԿ-ի համակարգը շարունակում է կարևոր դեր խաղալ COVID-19-ին գլոբալ արձագանքի ապահովման գործում: Այս համատեքստում ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետը, մասնավորապես, նշեց․ «Բազմակողմ կառույցների պատշաճ գործունեությունը պահանջում է անդամ երկրների երկարաժամկետ նվիրվածությունն ընդհանուր արժեքներին և նպատակներին, քանի որ միջազգային համերաշխությունը հավաքական գործողությունների նախապայմանն է»։
Նա հավելեց, որ COVID-19 համավարակի հենց սկզբից՝ Հայաստանը վճռականորեն աջակցում է համապատասխան բազմակողմ կառույցներին, որոնք պետք է նպաստեն համագործակցության խորացմանը և իրականություն դարձնեն ոչ մեկին չանտեսելու հանձնառությունը՝ ընդգծելով, որ պատվաստումների հասանելիությունը չպետք է մերժվի կամ սահմանափակվի նաև այն մարդկանց համար, որոնք ապրում են հակամարտության գոտիներում, ինչպիսին է Արցախի բնակչությունը:
Կարդացեք նաև
ԱԳՆ հաղորդագրություն