Սուրբ Զատկի երեկոն է։ Մայր մտնող արևի մեղմ լույսը պարուրում է Եռաբլուրը, որտեղ քար լռության ներքո հավաքվել են բազմաթիվ ընտանիքներ։ Բլրի լանջին գտնվող ռազմական գերեզմանատունն ամիսներ առաջ է հապճեպ ընդլայնվել. յուրաքանչյուր նոր գերեզմանին` մի քանի հուշ, ծաղիկներ, խունկ, երբեմն էլ մանկական խաղալիք, հուշատախտակ` անունով, հաճախ դիմանկարով և ծննդյան ամսաթվով` մեծամասամբ 2000 կամ 2001թթ…
Նահատակված երիտասարդներից յուրաքանչյուրին հսկում է հայկական դրոշը։ Հարյուրավոր դրոշներ, որոնք տեսադաշտից անդին փողփողում են երեկոյան արևի և քամու ներքո։
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օժանդակությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա` Ստալինի կողմից Ադրբեջանին կցված անկլավ, որտեղ, սակայն, հայերն ապրում են դարեր շարունակ։ Սկսվեց քառասունչորսօրյա մահաբեր հակամարտությունը, որն ընդհատվեց փխրուն հրադադարով։ Այնժամ, երբ ռուսական զինված ուժերը մտան խաղի մեջ`ստանձնելով միջնորդությունը, հայերն արդեն կորցրել էին զգալի տարածքներ և հազարավոր զինվորներ` զորակոչված, թե կամավոր, որոնց սոսկ խիզախությունը բավարար չէր դիմագրավելու նման հակառակորդին։ Արևմտյան աշխարհը հիմնականում հայացքը թեքեց խնդրից. Ֆրանսիան մնաց միայնակ՝ բարձրաձայնելու և դատապարտելու ագրեսիան։
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, անհնար է այցելել Եռաբլուր առանց հասկանալու, որ մոռացված այս Կովկասում ծավալվում է երեք հիմնական իրադարձություն։ Առաջինն, անշուշտ, Հայաստանի ապրած ողբերգությունն է՝ ցեղասպանությունից մեկ դար անց, որը Թուրքիան համառորեն շարունակում է ժխտել։ Պատերազմի սկզբին խոստանալով, որ «շների պես դուրս կվռնդի հայերին»՝ նախագահ Ալիևը ցուցանեց, որ խոսքը վերաբերում էր ոչ թե տարածք կամ դրա բնակչությանը վերադարձնելուն, այլ իրական էթնիկ զտումներին, և այդ ժամանակից ի վեր սույն մտադրությունը հաստատել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ` սկսած հայ ռազմագերիների կամ քաղաքացիական անձանց, վերջացրած տարեցների գլխատումներով` տեսագրված հենց հեղինակների կողմից «Ալլահ Աքբար» վանկարկումների ներքո։ 301թ. դավանանքն ընդունելուց ի վեր առաջին քրիստոնյա երկիր Հայաստանը մեկ անգամ ևս վճարում է այն բանի համար, որ լոկ իր գոյությամբ խոչընդոտում է գերիշխանական նկրտումներին, որոնց այսօր անթաքույց տենչում են իր հարևանները։
Այս պատերազմի անմիջական զոհը միջազգային իրավունքն է, որը հատկապես սահմանվել է՝ կանխելու 20-րդ դարի վատթարագույն ողբերգությունների կրկնությունը։ Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վիճարկման առարկա էր Հայաստանի և Ադրբեջանի միջև (և այդ խնդիրը մնում է առկախ, ինչ էլ որ ասի պարոն Ալիևը), սակայն այն քննարկվում էր Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահած Մինսկի խմբի շրջանակում։ Օժանդակելով հանկարծահաս և միակողմանի գրոհին` Թուրքիան ցանկացավ ի ցույց դնել, որ տարաձայնությունը լուծելու համար բռնությունն ի վերջո ավելի լավ միջոց է, քան երկխոսությունը։ Եվ, Թուրքիային դա թույլատրելով, արևմտյան աշխարհն ընդունում է վտանգավոր նախադեպ…
Ո՞ւր մնացին մեր սկզբունքները։ Ադրբեջանն ու Թուրքիան խնամքով ծրագրել էին իրենց գործողությունները։ Երկուսն էլ, մինչդեռ, անդամակցում են ՄԱԿ-ին, որը պահանջում է, որ «անդամներն իրենց տարաձայնությունները լուծեն խաղաղ ճանապարհով, (և) ձեռնպահ մնան սպառնալիքների և ուժի կիրառումից», բացառությամբ ագրեսիային դիմագրավելիս կամ միջազգային մանդատի ներքո։
Թույլատրելով պետություններին խախտել այս հիմնարար կանոնները, օգտագործել արգելված զենքեր, գործել ռազմական հանցագործություններ և դրանցից տևական ռազմավարական օգուտ քաղել՝ մենք ընդունում ենք ուժի գերակայությունը օրենքի նկատմամբ։ Իհարկե, բռնության կիրառումը երբևէ չի վերացել, սակայն փաստը, որ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակը, միտումնավոր անցնում է թույլատրելիի բոլոր սահմանագծերը, հանդիսանում է աննախադեպ ծավալի խախտում։
2020թ․ հոկտեմբերից խորհրդարանի դահլիճից դատապարտել եմ մեր պասիվությունը։
Եռաբլուրում գրեթե ֆիզիկապես զգացի, թե որքան մարդասպան է եղել այդ լռությունը։ Երբեք չեմ մոռանա այդ պահը։
Այս սոսկալի իրականությանը գումարվում են նաև Երևանի բժշկական կենտրոնում հանդիպած բազմաթիվ վիրավորները, իհարկե, հազարավոր ադրբեջանցի զոհերը և բոլոր նրանք՝ հաճախ ամենախոցելիներից, ովքեր ապագայում թանկ են վճարելու, քանզի մենք թույլ ենք տվել, որ բռնությունը գերակայի երկխոսության նկատմամբ։
Այնինչ, մենք չենք դադարում խոսել օրենքի գերակայության, սկզբունքների, արժեքների մասին… Նման անհամապատասխանության տրամաբանական հետևանքը կարող է լինել միայն Եվրոպայի ազդեցության փլուզումը, ոչ միայն այս տարածաշրջանում, այլև աշխարհի այն բոլոր երկրների դեպքում, որոնք կհավակնեն ամուր կապ հաստատել մեզ հետ։
Տարիներ շարունակ ժողովրդավարական երկիր Հայաստանը, որին կապված ենք մեզ ժառանգություն հասած միևնույն քաղաքակրթությամբ, չի դադարել հայացքն ուղղել դեպի ԵՄ, ընդհուպ մինչև 2017թ․համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումը։ Սակայն այդ օրհասական քառասուն օրերի ընթացքում Եվրախորհրդարանն ընդունում էր բանաձևեր «COVID-19-ի ազդեցությունը օրենքի գերակայության վրա», «Ամենականաչ քաղաքների եվրոպական տարի» կամ «Միության արտաքին և անվտանգության քաղաքականության մեջ գենդերային հավասարության» մասին։ Այդ ընթացքում քվեարկված հարյուրավոր էջերում Հայաստանը գեթ մեկ անգամ չի հիշատակվում։
Մի հայ երիտասարդ ինձ հետ կիսվեց իր հիասթափությամբ՝ եթե հարձակման ընթացքում զոհված իր քսանամյա ընկերները լինեին պանդայի ձագեր, եվրոպական լրատվամիջոցները թերևս ավելի լուսաբանեին եղելությունը։ Անկարայում բացակայող աթոռն ավելի մեծ իրարանցում առաջացրեց, քան մեկ տարվա ընթացքում Թուրքիայի շուրջ ամենուր մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը։
Եվրոպան դեռևս կարող է գործել, եթե գիտակցի հայ ժողովրդի հրատապ առաջնահերթությունները։ Առաջինը, ի հեճուկս մարդու իրավունքների և սեփական պարտավորությունների, Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող ռազմագերիների ճակատագիրն է։ Հայաստանը կատարեց իր խոստումը՝ վերադարձնելով ռազմագերիներին, և սպասում է յուրայինների վերադարձին։
Հազարավոր ընտանիքներ շարունակում են տառապել իրենց որդիների զոհված լինելու կամ գերության մեջ գտնվելու անհայտությունից։ Նման անմարդկային և միջազգային իրավունքին խիստ հակասող շանտաժը չի կարող շարունակվել։ Եթե մեր երկրները վճռականորեն պահանջեն, ապա կհասնեն վերջիններիս ազատ արձակմանը։ Այսպիսով կապացուցեն, որ Հայաստանն ամբողջովին մեկուսացած չէ, և որ Եվրոպան վերջնականապես չի կորցրել իր պատասխանատվության, սկզբունքների և շահերի զգացումը, որ կիսում է վաղեմի բարեկամ երկրի հետ։
Մենք պարտական ենք այդ հույսը սգավորներին, ովքեր Եռաբլուրում Սուրբ Զատկի երեկոյան լույսի միջով լռելյայն նայում են մեզ։
Ֆրանսուա-Քսավիե Բելամի
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում EPP խմբի ֆրանսիական պատվիրակության ղեկավար
Le Figaro, 12.04.2021
Լուսանկարները՝ Ֆրանսուա-Քսավիե Բելամիի ֆեյսբուքյան էջից