Արտահերթ ընտրությունների ուրվականը շրջում է նաեւ Արցախում։ Քաղաքական շրջանակներում խոսում են, որ չի բացառվում՝ Արայիկ Հարությունյանը կրկնի փաշինյանական սցենարը: Բայց նա կսպասի Հայաստանում արտահերթ ընտրությունների ավարտին, եւ եթե ամեն ինչ Փաշինյանի եւ իր իշխանության համար բարեհաջող ավարտ ունենա, չի բացառվում, որ ԱՀ նախագահն էլ գնա նույն ճանապարհով՝ ցույց տալու, որ ժողովուրդն իրեն վստահում է, եւ վերջնականապես փակելու ընդդիմադիրների բերանը։ Քաղաքական շրջանակներում պատահական չեն համարում, որ օրերս Արցախի Ազգային ժողովի նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը խորհրդարանի վերջին նստաշրջանի ընթացքում այլ հարցի քննարկման շրջանակներում իբր փորձել է սպառնալ ընդդիմությանը, առաջարկել է վայր դնել մանդատները եւ գնալ արտահերթ ընտրությունների։ Ի պատասխան այն քննադատություններին, թե նախագահի եւ կառավարության ներկայացուցիչների օգնականների եւ խորհրդականների ինստիտուտն ուռճացվել է, ԱԺ խոսնակը հակադարձել է, թե ԱԺ-ի կազմն էլ է մեծ․ «Եկեք բոլորս վայր դնենք մանդատները եւ գնանք արտահերթ ընտրությունների»։ Բացի այդ, տեւական ժամանակ է՝ Արայիկ Հարությունյանն ու իր կաբինետի անդամներն այցելում են համայնքներ, հանդիպում քաղաքացիների հետ, փորձում նրանց խնդիրներին լուծում տալ եւ հավաքել աջակիցների բանակ։ Նույն ձեռագրով, ինչ Փաշինյանն է գործում։
Խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես «Արդարություն» խմբակցությունը, ողջունում է Արթուր Թովմասյանի առաջարկը։ Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ պատրաստ են հրաժարվել մանդատներից եւ գնալ ընտրությունների, վստահ են նաեւ, որ Արայիկ Հարությունյանը չի վերընտրվի, եւ ապագա խորհրդարանն էլ այլ տեսք կունենա։
Մյուս կողմից՝ մի՞թե հնարավոր է մոտ ապագայում Արցախում արտահերթ ընտրություններ անցկացնել, երբ հայտնի չէ, թե որտեղով են անցնում Արցախի սահմանները, Հադրութն ու Շուշին նոյեմբերի 9-ի փաստաթղթով անցել են Ադրբեջանին։ Մեր հարցին Գալստյանը պատասխանեց, որ սահմանադրական արգելք չկա, եթե մինչ օրս Շուշիի վարչական շրջանի ղեկավարը եւ այլ տարածքների պետական աշխատողներն աշխատում են եւ պետբյուջեից աշխատավարձ են ստանում, ապա ինչո՞ւ չպիտի կարողանան ընտրություններ անցկացնել․ «Արցախում այնպիսի Սահմանադրություն են կարել, որ բավական է ընտրատեղամասերը բացել, եւ հնարավոր է ընտրություն անցկացնել։ Շուշիի եւ Հադրութի ժողովրդի տեղը բոլորն էլ գիտեն, իսկ ընտրատեղամասերը կարող են բացել ոչ թե Շուշի քաղաքում կամ Հադրութում, այլ՝ ուրիշ տեղ»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: