Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան որպես համանախագահ է վերադառնում գործընթացների մեջ, իսկ դա նշանակում է, որ Միացյալ նահանգների վերադարձ Մինսկի խումբ նույնպես լինելու է». Ստյոպա Սաֆարյան. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 28,2021 10:40

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարեւոր պրոցես է տեղի ունենում: Մինսկի խումբը փորձում է վերասահմանել իր անելիքները Արցախյան պատերազմից հետո»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ տարածված հաղորդագրությունից այսպիսի եզրահանգում է անում քաղաքագետ, Միջազգային եւ հայկական հարցերի ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Ապրիլի 26-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են հանդես գալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով «կոնկրետ նախաձեռնություններով»:

Ստյոպա Սաֆարյանը, սակայն, չի կարծում, թե կարեւոր նախաձեռնությունը վերաբերում է միայն գերիներին: Նրա համոզմամբ, քննարկման թեման Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, իսկ դա տեղի է ունենում ի հեճուկս Ադրբեջանի ցանկության:

Նա ընդգծում է՝ իր կարծիքով Ֆրանսիայի գործողությունները խիստ համաձայնեցված են ԱՄՆ-ի հետ:

«Թրամփի վարչակազմի օրոք ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ ԱՄՆ-ն ամբողջ հզորությամբ չէին գործում Մինսկի խմբում: Իհարկե, եթե կարելի է ասել, որ Մինսկի խումբը գործում էր ընդհանրապես: Դա նույնպես պատերազմի նպաստած գործոններից մեկն էր: Այսինքն` ֆորմալ կար այդ ձեւաչափը, հիշում եք՝ տարեվերջին մի քանի քննարկում եղավ, բայց ազդեցությունը հակամարտության եւ նրա կողմերի վրա զրո էր: Այլ պարագայում պատերազմ չէր սկսվի, եթե այդ խմբի դերը շատ ամուր լիներ պրոցեսում: Միացյալ նահանգները, կարծում եմ, առայժմ սպասում է, եւ Կրեմլի հաղորդագրությունը հետաքրքիր էր այն առումով, որ այն մի կողմից ասում էր, որ պրոցեսներ կլինեն ՄԽ շրջանակներում եւ ոչ միայն ՄԽ շրջանակներում: Ռուսաստանը ակնհայտորեն նկատի ունի ե՛ւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը այսպես ասած խաղաղության ամրապնդման եռակողմ ֆորմատ է, որտեղ Մինսկի խումբ չկա, ե՛ւ հունվարի 11-ի առեւտրային բլոկը՝ ապաշրջափակման վերաբերյալ, ե՛ւ կարծեք թե սրանից զատ ինչ-որ նախաձեռնություններ կլինեն, որի շուրջ պայմանավորվել են Մակրոնը եւ Պուտինը: Միանշանակ է, որ Ֆրանսիան որպես համանախագահ է վերադառնում գործընթացների մեջ, իսկ դա նշանակում է, որ Միացյալ նահանգների վերադարձ ՄԽ նույնպես լինելու է»,- եզրափակեց քաղաքագետը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930