Թուրքիան շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը
Սկիզբը՝ այստեղ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ապրիլի 24-ի խիզախ ուղերձից հետո մինչ հայաստանյան տիրույթում քննարկվում է հարցը, թե ինչ իրավական հետեւանքներ կունենա այդ ուղերձը, մասնավորապես՝ ԱՄՆ-ում ցեղասպանության ժառանգներին փոխհատուցման հարցերում, պետք է դիտարկել նաեւ պաշտոնական Անկարայից եկող ազդակները:
Նախ, արձանագրենք, որ ԱՄՆ-ի նախագահի ուղերձից անմիջապես հետո հրապարակված Թուրքիայի նախագահի ուղերձում, որով նա նշում էր, թե հարգում է 1915թ. զոհված հայերի հիշատակը եւ ցավակցություն հայտնում նրանց ժառանգներին, նկատվեց որոշակի մեղմ տոնայնություն, թեեւ Անկարայի դիրքորոշման մեջ փոփոխություն չի արձանագրվել: «Մենք չպետք է մոռացության մատնենք հայերի եւ թուրքերի համագոյակցության մշակույթը, որը բազմապատկվել է հարյուրավոր տարիների ընթացքում եւ համարվել օրինակ ամբողջ մարդկության համար: Պատկառանքով հարգում եմ Օսմանյան պետությունում Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում զոհված հայերի հիշատակը, ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին»,- նշեց Էրդողանը՝ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված ուղերձում: Նա նաեւ հավելել էր, թե որոշ շրջանակների փորձերը՝ քաղաքականացնելու 1915թ. իրադարձությունները եւ դրանք դարձնելու Անկարայի վրա ճնշման գործիք, օգուտ չեն բերի, ապա՝ կոչ էր արել զարգացնել կապերը Հայաստանի հետ՝ բարիդրացիության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա. «Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումից հետո մենք պատրաստակամություն հայտնեցինք զարգացնել կապերը Հայաստանի հետ: Այսօր ես կրկնում եմ այդ կոչը»:
Կարդացեք նաև
Այնուհետեւ, պաշտոնական Անկարայից արդեն ստացվեցին կոշտ արձագանքներ՝ Բայդենի ուղերձին ի պատասխան: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն թվիթերի իր էջում գրեց. «Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք մեր անցյալի վերաբերյալ որեւէ մեկից սովորելու բան չունենք։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության եւ արդարության մեծագույն դավաճանությունն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»։ Իր հերթին Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունում ասվում էր, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խարխլում է Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները. «ԱՄՆ այդ հայտարարությունը, որը խեղաթյուրում է պատմական փաստերը, երբեք չի ընդունվի թուրք ժողովրդի կողմից եւ կբացի խորը վերք, որը կարող է մեծ վնաս հասցնել մեր փոխադարձ վստահությանը եւ բարեկամությանը»։
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, ոչ ավել, ոչ պակաս, խորհուրդ տվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ «նայել ԱՄՆ-ի պատմությանը»։ «Մենք վճռականորեն դատապարտում եւ մերժում ենք ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որի միակ օրակարգը կրկնում է այն շրջանակների զրպարտությունը, որոնք թշնամաբար են տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ նախագահին նայել իր երկրի պատմությանը»,- թվիթերում գրել էր Էրդողանի ներկայացուցիչը։ «Մենք տեղեկացրել էինք ԱՄՆ իշխանություններին, որ Բայդենի այդ քայլը վնասելու է երկկողմ հարաբերություններին, սակայն նրանք գնացին այդ քայլին` առանց պատմական, իրավական ու քաղաքական հիմքերը հաշվի առնելու», -հավելել էր Քալընը` զգուշացնելով, որ Անկարան «քաղաքական պատասխան է տալու»:
Ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան խիստ բողոքն են հայտնել՝ Բայդենի ուղերձի կապակցությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը ամերիկացի դեսպանին հայտնել է, որ Բայդենի հայտարարությունը իրավական հիմք չունի, եւ որ Անկարան «մերժում է այն, համարում անընդունելի եւ դատապարտում ամենախիստ ձեւով», եւ որ «Բայդենի այդ քայլը երկկողմ հարաբերություններում մի վերք է բացել, որը դժվար կլինի ամոքել»:
Հուլուսի Աքարի ակտիվ դերակատարությունը
Այսպիսով, պաշտոնական Անկարան Բայդենի ուղերձը «անարդար», «անհիմն», «երրորդ երկրների կողմից քաղաքականացվող» որակելով՝ առաջիկայում դեռ ընդդեմ ամերիկյան վարչակազմի հանդես կգա նորանոր գնահատականներով ու քայլերով:
Ի դեպ, ապրիլի 24-ից օրեր առաջ Real Clear Defense ամսագրի համար Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոդված էր հրապարակել՝ հիմնվելով Հայաստանի առաջին Հանրապետություն այցելած ամերիկացի գեներալ Ջեյմս Հարբորդի զեկույցի վրա: Նրա գնահատմամբ՝ այդ զեկույցը ներկայացնում էր տարածաշրջանի ժողովուրդների ավելի խաղաղ ապագա։ Պարզվում է, ինքը` Թուրքիայի պաշտպանության նախարարը, 2005-ին Ստամբուլի Բողազիջի համալսարանում դոկտորական թեզը պաշտպանել է հենց այդ թեմայով, այն կոչվում է՝ «Գեներալ Հարբորդի զինվորական առաքելությունը Հայաստան. ամերիկյան մի պատվիրակության պատմությունը եւ դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»: Աքարը հիշեցրել է, որ նախագահ Էրդողանը 2005-ին, երբ դեռ վարչապետ էր, Հայաստանի նախագահին նամակ էր հղել` առաջարկելով պատմաբանների եւ փորձագետների համատեղ հանձնաժողով ստեղծել: «Հանձնաժողովը պետք է միջազգային հանրությանը ներկայացներ իր աշխատանքի արդյունքները: Խոսքը մանրակրկիտ աշխատանքի մասին էր բոլոր երկրների արխիվներում»,- նշել էր նա` հավելելով, թե Թուրքիայի այդ կոչը դեռ մնում է ուժի մեջ:
Ապա` Աքարն անցում է կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին ու նկատել, թե անցյալ տարի ձեռք բերված հրադադարի համաձայնությունը կարեւոր շանս է տարածաշրջանում երկրների հարաբերություններում նոր էջ բացելու համար: «Թուրքիան առաջիններից մեկն էր, որ դատապարտել է Հայաստանում ռազմական հեղաշրջման անցած փետրվարի փորձը. անվտանգության, կայունության, խաղաղության եւ զարգացման հնարավորության ապահովումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Եթե Հայաստանի առաջնորդները լսեն Թուրքիայի դիրքորոշումը եւ խաղադրույքը դնեն խաղաղության վրա, ապա դրանից կշահի ողջ տարածաշրջանը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով»,-նշել էր Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Աքարը Բայդենի ուղերձի հրապարակումից հետո արդեն 13 կետով ամփոփեց պաշտոնական Անկարայի դիրքորոշումը: Ըստ Ermenihaber-ի՝ Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող թեզերը, դարձյալ ներկայացրել էր ժխտողական թեզեր պարունակող անհիմն պնդումներ։ Դրանցից էին օրինակ՝ «Այդ տերմինը կիրառողները պիտի աշխարհի եւ իրենց պատմությանը նայեն», «Պատմական իրադարձությունները չպետք է օգտագործվեն որպես հաշվեհարդարի եւ բախման գործիք, չպետք է քաղաքականացվեն: Նման մթնոլորտի ստեղծումը բացասաբար կազդի տարածաշրջանի խաղաղության, մասնավորապես Թուրքիա-Հայաստան եւ թուրք-հայկական հարաբերությունների վրա»: Կամ այս մեկը՝ «Մեր տարածաշրջանի խաղաղությունը եւ անդորրը ոչ թե Հայկական սփյուռքի եւ նրան սեփական շահերի համար օգտագործող երկրների, այլ մեր՝ տարածաշրջանի երկրների, Թուրքիայի եւ Հայաստանի համատեղ/ընդհանուր խնդիրն է»:
44-օրյա պատերազմում «եղբայրական Ադրբեջանին» գործուն աջակցություն ցուցաբերած Թուրքիայի պաշտպանության նախարարն, ինչպես երեւում է, առաջիկայում ամերիկյան վարչակազմին ընդդիմանալու հարցում «առաջին ջութակի» դեր է ստանձնելու: Երկրում համավարակով պայմանավորված սահմանափակումների կոշտ ռեժիմում, տնտեսական անկման եւ թուրքական լիրայի արժեզրկման պայմաններում, ի դեպ, չի կարելի բացառել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նորանոր սադրանքները Արցախի եւ Հայաստանի ուղղությամբ:
Ադրբեջանում սպասված ջղաձգության պոռթկումներ են
Լիովին կանխատեսելի էր, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հիստերիայի ալիք կբարձրացնի Բաքվում: Էրդողանին առաջին սփոփողը հենց Ադրբեջանի նախագահն էր, որը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ նախագահի ուղերձի հրապարակումից հետո: Էրդողանն ու Ալիեւը քննարկել էին «համատեղ քայլերն» այդ համատեքստում: Ալիեւն այդ որոշումը որակել էր որպես՝ «պատմական սխալ» եւ այն «անընդունելի» էր համարել:
Իսկ ապրիլի 26-ին Ալիեւը որոշեց հայերի վրա ազդեցություն թողնել «զանգեզուրյան» թեմայով… Նա կրկին հրավիրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին՝ «ուսումնասիրել Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման տարածաշրջանային նախագծի ներուժը»: «Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանում ապահովել կայուն խաղաղություն եւ անվտանգություն: Ադրբեջանը կարեւոր ներդրում է կատարել տարածաշրջանային այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Արեւելք-Արեւմուտք, Հյուսիս-Հարավ, Հյուսիս-Արեւմուտք նախագծերը: Այս պահին աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի վրա, որը կդառնա Ադրբեջանի տարածքով Ասիան Եվրոպային կապող Արեւելք-Արեւմուտք միջանցքի մի մասը»,- ասել է Ալիեւը Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի համար տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում: Նա հավելել էր, թե այդ միջանցքը հնարավորություն կտա Ադրբեջանին ամրապնդել իր դիրքերը՝ որպես Եվրասիայի տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոն:
Պաշտոնական Երեւանի անելիքը
Բայդենն իր ուղերձով Հարավային Կովկասում նոր զարգացումների, նոր նախագծումների մեկնարկ է տվել, եւ թուրքական հիստերիային, որն առաջիկայում հնարավոր է այլ դրսեւորումներ էլ ստանա, պետք է պատրաստ լինել, նախաձեռնող լինել` հասնելու Թուրքիայի նկատմամբ ճնշումների:
44-օրյա պատերազմից հետո Թուրքիան, որն իր տարածաշրջանային հավակնությունները չի թաքցնում, արդեն՝ «գերտերության» դերում էր իրեն պատկերացնում, Բայդենի ուղերձով որակվեց որպես ցեղասպանություն իրագործողի համար պատասխանատվություն կրող պետություն:
Ի՞նչ կարող է անել Թուրքիան: Անկարան ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի, օրինակ, հասնի նրան, որ ԱՄՆ նախագահը հետ կանգնի ճանաչման փաստից, թեեւ դա քիչ հավանական է՝ ճանաչման ճանապարհին ամերիկյան գործընթացները հիմք ընդունելով:
Հետեւաբար, քանի դեռ թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմական մինիմումի վրա են գտնվում, քանի դեռ Վաշինգտոնը Էրդողանին պատժելու, կարգի հրավիրելու քաղաքականության կողմնակից է՝ պետք է հնարավորինս օգտվել, սաստելու թուրք-ադրբեջանական տանդեմի տարածաշրջանային ախորժակը: Ընդ որում, չի բացառվում, որ Թուրքիայի ներսում ընդդեմ Էրդողանի մեծ դժգոհության ալիք բարձրանա, քանի որ թուրք ընդդիմադիրները ստացան հերթական ազդեցիկ մի փաստ, թե ինչպես Էրդողանը ձախողեց թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Բայդենի ուղերձով, Թուրքիային պատժելու քայլով ԱՄՆ-ն ակտիվացնում է արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության պաշտպանության հարցերը պետք է դառնան ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում ամենագլխավորը եւ դրանց լուծման ճանապարհին պետք է մշակվեն նոր ծրագրեր ու ուղղություններ:
Հայաստանն այսօր կանգնած է սպառնալիքների առջեւ: Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության պաշտպանության հարցում գործընկեր պետությունների հետ աշխատանքը կազմակերպելու հարցում, Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական, ծավալապաշտական քաղաքականությունը զսպելու իսկական ժամանակն է:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 28.04.2021