Այս տարվա մարտ ամսին, 2020 թվականի մարտի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.8% աճ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կանխատեսումները չիրականացան. նա ապրիլի 22-ին հայտարարել էր՝ իմ հաշվարկով` այս մարտին 7-7գ5% աճ է լինելու նախորդ տարվա մարտի համեմատ:
Դեռ մարտ ամսից նախարարն ու վարչապետը ժամանակ առ ժամանակ փորձում են լավ լուրեր հայտնել, որ Հայաստանի տնտեսությունը վերականգման փուլում է։ Սակայն ասելը մի բան է, իրականությունն՝ այլ։
Ընդ որում, 2021 թվի համար նախարարը նպատակադրվել է երկնիշ տնտեսական աճ ապահովել։
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը տնտեսական ակտիվության է 3.8% աճը հուսադրող չի համարում, առավելեւս՝ տնտեսության վերականգման մասին չէ այս ցուցանիշը։
Կարդացեք նաև
«Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Խաչատրյանը հիշեցնում է՝ 3.8% աճը վերջին 11 ամսվա ընթացքում առաջին անգամ է, երբ տնտեսական ակտիվության ամսական ցուցանիշը դրական է. «Դեռեւս նախորդ տարվա մարտից ՏԱՑ-ը բացասական է եղել, այս մարտին՝ դրական, բայց պետք է օբյեկտիվ գնահատենք՝ նախորդ տարվա մարտը ամենախորը անկում ունեցող ամիսն է եղել, եւ եթե այս տարվա մարտը համեմատվում է լոքդաունում գտնվող մարտի հետ, ապա այս ցուցանիշը հուսադրող լինել չի կարող։ Իսկ երկնիշ տնտեսական աճն, առհասարակ, իրատեսական չէ, որովհետեւ տնտեսությունում առանցքային փոփոխություններ տեղի չեն ունենում։ Ընդամենը նկատում ենք, որ այս տարվա մարտը նախորդի համեմատ ավելի աշխույժ է»։
Ըստ վիճակագրական կոմիտեի, այս տարվա առաջին եռամսյակը նախորդ տարվա եռամսյակի համեմատած, արձանագրվել է ՏԱՑ-ի 2% անկում, եւ ինչպես տնտեսագետն է նշում՝ այս թվերը ցույց են տալիս, որ տնտեսությունում գործերն այնքան էլ լավ չեն, կտրուկ փոփոխությունների անհրաժեշտություն կա, որպեսզի իրական աճ լինի։
«Մեծ հաշվով կառավարության որոշ անդամների լավատեսությունը պետք է պայմանավորել նաեւ նախընտրական տրամադրությամբ, դրանով փորձում են դրական ազդակներ հաղորդել հասարակությանը»,-ասում է պարոն Խաչատրյանը։
Պետք է հաշվի առնել նաեւ, որ մարտ ամսվա ՏԱՑ-ի աճը ավելի փոքր է, քան սպառողական գների ինդեսքի փոփոխությունը, եւ ինչպես տնտեսագետն է ասում, փաստացի աճը բավարար չէ, որպեսզի «կուլ տա» գնաճը. «Աճ կա, բայց իրականում այն ծավալները չեն, ինչ պետք է լինեն կամ ակնկալվում էր. Գնաճը 5.2% է, իսկ ՏԱՑ-ը՝ 3.8%։ ՏԱՑ-ի աճի ապահովման գործոնում էական է եղել գնաճի գործոնը»։
Բացի այս, նախորդ տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական գործունեության սահմանափակումներ եղան, գարնանը տնտեսությունը ծանր ու շոկային վիճակում էր։ Պարոն Խաչատրյանը հիշեցնում է՝ 2020-ի մարտ, ապրիլ, մայիս ամիսներն ամենածանրն էին, տնտեսության բազմաթիվ ոլորտներ չէին աշխատում. «Այնպես որ, օբյեկտիվ է, որ այս տարի այդ ամիսներին ավելի լավ վիճակում լինենք՝ եթե համեմատենք նախորդի հետ։ Բայց անգամ այս համեմատությամբ, մենք դեռեւս չենք կարողանում վերադառնալ 2019 թվականի մակարդակին։ Այստեղ կառավարությունը լուրջ անելիքներ ունի»։
Կառավարության նիստում վարչապետը խոսել է աշխատատեղերի մասին, եւ ասել, որ տնտեսության վերականգնման հերթական ազդակն են ստացել. «2021 թվականի մարտին մենք աշխատատեղերի եկամուտ եւ աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել։ 2018 թվականի համեմատ այս տարի կա 85 հազար 38 աշխատատեղի տարբերություն»:
Կառլեն Խաչատրյանն ի պատասխան վարչապետի հայտարարության, նշում է՝ եթե տնտեսությունը անկման փուլում է, նոր աշխատատեղեր ստեղծվել չեն կարող, որովհետեւ եթե նոր աշխատատեղեր են ստեղծվել, ենթադրվում է, որ նոր աշխատողները պետք է հավելյալ արժեք ստեղծեին, արդյունքում ՀՆԱ-ն պետք է աճեր. «Երբ ներքին արդյունքը նվազում է եւ աշխատատեղերի մասին են խոսում, սա ճիշտ չէ։ Դա ընդամենը հարկային կոշտ վարչարարության հետեւանք է, հարկայինը սպառնալիքի, որոշակի կոշտ վարչարարության գործիքներով ստիպում է ստվերում գործող աշխատատեղը բերել սպիտակ դաշտ։ Ես չեմ ասում, որ դա վատ է, կատարյալ իրավիճակում պետք է ձգտենք ստվեր չունենանք։ Բայց պետք է հասկանանք՝ արդյոք այսօր մեր տնտեսության գլխավոր խնդիրը դա է, ավելի լավ չէ՞ ավելի թույլ վարչարարություն կիրառել, փոխարենը բնակչության կենսամակարդակը մի փոքր լավանա եւ այլն։ Ամեն դեպքում, ցանկացած վերլուծություն ցույց է տալիս, որ խոսքը ստվերից դուրս եկած աշխատատեղերի մասին է»։
Վարչապետի սիրելի թեման՝ ՀԴՄ կտրոնների ցուցանիշներ ներկայացնելն ու հպարտ հայտարարելը, թե արդեն ավելի շատ են ՀԴՄ կտրոն խփում եւ այլն, տնտեսագետը կարծում է՝ ՀԴՄ խփելու մոլուցքը բերել է մի իրավիճակի, երբ բազմաթիվ փոքր բիզնեսներ ուղղակի փակվում են՝ մի քանի անգամ տուգանվելով, տուգանքի բեռը կրելով. «Իսկ փոքր բիզնեսի փակվելը ենթադրում է, որ 2-3 ընտանիք կտրվում է ապրուստի միջոցներից։ Այդ մարդիկ փաստացի պետք է պետությունից սոցիալական օժանդակություն ստանան։ Այսինքն, կառավարությունը ՀԴՄ-ի մոլուցքով չի խորանում սոցիալական հետեւանքների մեջ, որոնք հավելյալ բեռ են բյուջեի վրա»։
Տնտեսագետն այս տարվա համար կանխատեսում է մինչեւ 4-5% տնտեսական աճ. «Բայց այդ աճն ավելի փոքր է լինելու, քան նախորդ տարվա ընդհանուր անկումը, այսինքն՝ փաստացի ստացվելու է, որ մենք այս տարի չենք կարողանալու վերադառնալ գոնե 2019-ի մեկնարկային դիրքերին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.04.2021