Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ հետ համագործակցությամբ բարձրակարգ երաժիշտները ներկայացրել են մեր ազգի երաժշտությունը»

Ապրիլ 28,2021 13:00

Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանի հետ

– Շուրջ երեք տարի դուք ցանկալի հյուր եք Ռուսաստանի քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ այլուր։ 2019թ. այնտեղ հանդես եկաք Կոմիտասի 100 եւ Տերտերյանի 90-ամյակներին նվիրված համերգաշարով, այդ ծրագիրը ներկայացրել էիք նաեւ Երեւանում։ 2020թ. Մոսկվայում ձեր մենահամերգն էր հայ-հրեական երաժշտության երեկոյին, վերջերս էլ իտալական դասական երաժշտության History of Music TV հարթակով հեռարձակվում էր մոսկովյան համերգը։ Կմանրամասնե՞ք։

– Համերգը Niko պատկերասրահ-համերգասրահում էր եւ հեռարձակվում էր նաեւ իրենց պաշտոնական կայքով։ Առաջարկը ստացել էի այդ մշակութային օջախի տնօրեն Գայանե Նիկողոսյանից, որը գաղափարի ու ծրագրի հեղինակն էր։ Երեկոյին մասնակցում էին Մոսկվայի Questa Musica երգչախումբն ու կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ֆիլիպ Չիժեւսկիի ղեկավարությամբ։ Հնչեցին Կոմիտասի, Մանսուրյանի, Լուչիանո Դերիոյի ստեղծագործությունները։ Ալտահար Սերգեյ Պոլտավսկին փայլուն կատարեց մաեստրո Մանսուրյանի Սոնատը, որը կոմպոզիտորը նվիրել է հենց իրեն։ Երգչախմբի հետ կատարեցի կոմիտասյան երգերից, իսկ դաշնակահարուհի Կարինա Պողոսբեկովայի ընկերակցությամբ՝ Տիգրան Մանսուրյանի վոկալ շարքը (երեք ռոմանս) Գարսիա Լորկայի պոեզիայով՝ Համո Սահյանի թարգմանությամբ։ Ընդ որում՝ այս շարքը կատարեցի նաեւ Մոսկվայի Ծերեթելիի անվան պատկերասրահի կամերային դահլիճում։ Niko-ում կամերային նվագախմբի եւ դիրիժոր Չիժեւսկիի հետ մեկնաբանեցի Լուչիանո Բերիոյի՝ աշխարհահռչակ մեցցո սոպրանո Քեթի Բերբերյանին նվիրված ժողովրդական 11 երգից բաղկացած շարքը…

– Բերիոյի այդ շարքը հազվադեպ է հնչում, եւ եթե չենք սխալվում, կոմպոզիտորը այնտեղ ընդգրկել է նաեւ ադրբեջանական երգ…

– Իրավացի եք։ Հասկանալի պատճառով ես չէի կարող ներկայացնել այն եւ շնորհակալ եմ մաեստրո Չիժեւսկիին, որն ըմբռնումով մոտեցավ եւ ընդառաջեց։ Ի դեպ, Niko-ում հիանալի մեկնաբանմամբ կոմիտասյան մեղեդի հնչեց նաեւ դուդուկահար Վասիլեյ Կորոստելեւի կատարմամբ։ Երաժիշտն այնպիսի հոգով էր հնչեցնում…, եթե միայն լսեիք, կթվար, թե հայ երաժիշտ է կատարում։ Կուզեի մի բան էլ նշել. համագործակցությունս նման բարձրակարգ երաժիշտների հետ, որոնք ամենաբարձր մակարդակով ներկայացնում են քո ազգի երաժշտությունը։ Իհարկե, սա, մեծ հաշվով, մեր հայրենակից, Niko-ի տնօրեն Գայանե Նիկողոսյանի գործունեության արդյունք է։ Ի դեպ, կայացած համերգի խորագիրն էր «Հավատով խոստովանիմ»։ Սա Ներսես Շնորհալու աղոթքների հիման վրա գրված մաեստրո Մանսուրյանի ստեղծագործության անունն է։

Երգչուհին Կարինա Պողոսբեկովայի հետ

– Ասացիք, որ ելույթ եք ունեցել Ծերեթելիի անվան պատկերասրահի կամերային դահլիճում եւս։

– Այո, Niko-ից առաջ կայացած երեկոն էր։ Այստեղ շուրջ երկու տարի է՝ կազմակերպվում են համերգներ «Մեր ժամանակների երաժշտությունը» խորագրով, որի գաղափարը դաշնակահարուհի Կարինա Պողոսբեկովայինն է։ Չմոռանամ նշել, որ հնչում են բացառապես պրեմիերաներ։ Ինչպես ասել էի՝ այստեղ էլ կատարեցի Տիգրան Մանսուրյանի վոկալ շարքը, նաեւ ներկայացրի մեր դասականներից, ըստ իս՝ ամենամեղեդային կոմպոզիտորներից Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից։

Վարսենիկ

Վարսենիկ Ավանյանը՝ Questa Musica-ի հետ ելույթի պահին

– Ալեքսանդր Հարությունյանի ո՞ր ստեղծագործության պրեմիերան էր։

– Ռուս հանդիսատեսը անշուշտ ծանոթ է մեծանուն կոմպոզիտորի երկերին, եւ ես վստահ եմ, որ այնտեղ երբեւէ չի հնչել, օրինակ, Աննայի արիան «Սայաթ-Նովա» օպերայից կամ վոկալիզը՝ գրված Զարուհի Դոլուխանյանի հիշատակին եւ այլն։ Համերգին մասնակցում էին ճանաչված երաժիշտներ եւս, այդ թվում՝ մեր հայրենակցուհի մեցցո սոպրանո Կարինա Հերունցը, սոպրանո Եկատերինա Անդրեասը, ազգությամբ չինացի բարիտոն Օց Խուանտաոն։

– Թույլ տվեք անդրադառնալ Բերիոյի ժողովրդական երգերի շարքին…

– Հասկանալի է ձեր հետաքրքրությունը։ Արդեն նշեցի, որ շնորհակալ եմ մաեստրո Չիժեւսկիին, որն ըմբռնումով մոտեցավ։ Շնորհակալ եմ նաեւ հանդիսատեսին, որը համերգի ավարտին ինձ շնորհավորելիս նույնիսկ չակնարկեց այդ մասին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930