Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակը մեր գլխավոր ժառանգությունն էր

Ապրիլ 28,2021 12:30

Երբ մոտենում է հաղթանակի օրը, առաջին հերթին հիշում ենք Շուշին, հետո միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, քանի որ Շուշիի ազատագրումը հայ քաջորդիների ձեռք բերած փառապանծ հաղթանակն էր: Շուշիի հաղթանակը իրավամբ մեզ բոլորիս հրեշտակի թեւեր տվեց: Եվ մենք ազգովի հպարտանում էինք ողջ աշխարհի առջեւ: Այդ հրաշալի հաղթանակի շնորհիվ ինքնըստինքյան փոխվեց մեր հոգեբանությունը, քանզի դուրս գալով ցեղասպանված ու տառապած ժողովրդի կարգավիճակից, ապացուցեցինք, որ մենք եթե ուզենանք, կարող ենք լինել հզոր, միաբանված, անողոք թշնամիների հանդեպ: Հիմա մեր հաղթանակի խորհրդանիշը՝ Շուշին կրկին գերեվարված է: Անշուշտ, բազմաթիվ վկայություններ ու փաստեր կան այն մասին, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Շուշին թշնամու կողմից ոչ թե գրավվել է, այլ հանձնվել է դավադիր ուժերի օգնությամբ: Հետագայում հետաքննությունը կպարզի, թե ինչպես է եղել:

Մեզ իրականում մնում է փաստել, որ արյան գնով նվաճած հաղթանակը չկարողացանք նույն սրբությամբ պահպանել: Իսկ եթե հետադարձ հայացք ձգենք, ապա ցավով կհամոզվենք, որ 1994 թվականի հրադադարից հետո նաեւ մեր հաղթանակներից հրաժարվելու քաղաքականություն էր վարվում Հայաստանի բոլոր ղեկավարների կողմից: Տարիներ ի վեր երկրի նախագահները բանակցել են միայն հող հանձնելու վերաբերյալ: Հետեւաբար, շարունակվում էր ոչ թե հաղթանակն ամրապնդելու, այլ պարտության հետ համակերպվելու գործընթաց, թե ինչպես կազմակերպել տարածքների հանձնումը, որ հայ ժողովուրդը չըմբոստանա: Բայց չէ՞ որ մենք ունեցանք հայկական բանակ, որը ծնվեց անկախության հռչակումից հետո եւ այն պետք է ավելի հզորացվեր: Պետք էր ժողովրդի հայրենասիրական ոգին բարձրացվեր, ինչպես խորհրդային տարիներին էր: Սակայն ոչինչ չարվեց: Այնպիսի վիճակ էր, կարծես Հայաստանը Իտալիայի պես գտնվում էր Միջերկրական ծովի սրտում եւ մեզ ամենեւին պատերազմի վտանգ չէր սպառնում: Գուցե այդ պատճառով Երեւանում ամենուր պաստառներ էին սին կարգախոսներով՝ «Իմ զենքը իմ ժպիտն է», «Իմ զենքը իմ երազանքն է», «Իմ զենքը իմ երգն է» եւ նմանօրինակ դատարկաբանություններ:

Այնինչ պաստառները պիտի ծառայեին սերունդների դաստիարակությանը, հոգեւոր արժեքների քարոզչությանը: Ինչո՞ւ ի սկզբանե հերոսների պատկերները չլինեին պաստառներում, ինչո՞ւ չէին քարոզվում հայրենասիրությունը, հայրենիքի անկախության, բանակի մեծ դերի հետ կապված արժեքները: Հիշում եմ, թե ինչպես մի անգամ Արցախյան գոյապայքարի մասնակից, հրամանատար, գնդապետ Մուշեղ Բաբայանի (Ջերմուկի Համո) հետ հարցազրույցի ժամանակ նա ցավով հարցադրում արեց. «Ի՞նչ է, հայրենասիրությունը միայն բանակո՞ւմ պետք է քարոզվի…»:

Եվ իսկապես 2016թ. ապրիլյան քառօրյայի ժամանակ հրամանատարների հայրենասիրական ոգով դաստիարակված երիտասարդ սերունդը նորից աչքի ընկավ իր սխրանքներով՝ չզիջելով իրենց հայրերին ու պապերին: Այդ ընթացքում էլ շատ խոսվեց այն մասին, թե ինչպիսի ողորմելի վիճակում էր մեր բանակը իր սպառազինությամբ: Այսինքն՝ հզոր բանակի մասին եղած տարիների կեղծիքը բացահայտվեց:

Պարզվեց, որ 21-րդ դարում անգամ գիշերային տեսանելիության սարքերի փոխարեն դեռ խրամատներում զինվորները կողմնորոշվում էին թիթեղյա դատարկ տուփերի չխկչխկոցով: Ու ցեղասպանություն տեսած ժողովրդի վայ-ղեկավարները պատմությունից դասեր չքաղեցին: Հենց նրանց սխալ քաղաքականության ու դիվանագիտական աշխատանքի, Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերի բախման հետեւանքով նորից պատերազմ սկսվեց, որն ավելի շատ նման էր դաժան ցեղասպանության: Եվ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարտվեց Ադրբեջանի հետ տարվող այդ պատերազմում՝ մեղքը գցելով բանակի վրա: Բռնազավթվեց Արցախի տարածքների 80 տոկոսը: Շուշին էլ հանձնվեց: Բայց չէ՞ որ մենք պատասխանատվություն ենք կրում հաղթանակի համար: Եվ հաղթանակն ու հիշողությունը ամբողջ մարդկության պատմության գլխավոր ժառանգությունն են:

Չնայած կրած ողբերգությանը, մենք պիտի մեր մեջքը կարճ ժամանակաընթացքում ուղղենք հանուն հազարավոր նահատակների, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար: Եվ եթե կրկին չենք ուզում ցեղասպանվել, չպետք է ներել թշնամիներին՝ ի հեճուկս մեր այն պաշտոնյաների, ովքեր դահիճների հետ հաշտեցման կոչեր են հնչեցնում: Ոչ ազգանպաստ քայլերով նրանք փորձում են պատերազմի մասին դեռեւս թարմ հիշողությունն արագ ջնջել, երբ ունենք հարյուրավոր ռազմագերիներ, անհետ կորածներ, հազարավոր զոհեր ու հաշմանդամներ: Այնինչ մեր խնդիրն է կանխել այս տխուր իրադարձությունների կրկնությունը:

Մենք չպիտի մոռանանք, որ հաղթել գիտենք եւ տեղին է հիշել ֆրանսիացի ռազմական գործիչ ու գրող Սեն Ժյուստի խոսքերը. «Հաղթում են նրանք, ովքեր մարտնչում են»: Ուստի մենք երբեք իրավունք չունենք սուրը պատյան դնել, եթե մշտապես արթուն է մինչեւ ատամները զինված մեր թշնամին:

Բոլորը՝ անկախ տարիքից ու կուսակցական պատկանելությունից, պետք է ունենան մի ընդհանուր նպատակ՝ ՀԱՂԹԱՆԱԿ:

Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ

Բանասիրական գիտությունների
թեկնածու, գրող

«Առավոտ» օրաթերթ
27.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930