Լրահոս
Օրվա լրահոսը

Լույսի բոլոր երանգներում հայրենիքն է

Ապրիլ 28,2021 12:00

Հարցազրույց ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, գրող Նոնա Պողոսյանի հետ

Զրուցակցիս անունը արդի գրականության մեջ երկար ժամանակ է, որ հնչում է։ Բանակաշինության ճանապարհի ամեն ակնթարթ նա տեսել ու զգացել է։ Հայրենիքին ձոնված տողերում տեսնում ենք հայ կնոջ ուժեղ կերպարը։ ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, գրող Նոնա Պողոսյանը մի քանի գրքերի հեղինակ է։ Նրա ստեղծած տողի հիմքում անկեղծությունն ու իրականությունն է, որն էլ ճշմարիտ գրականության այցեքարտն է։

– Տարիների հեռվից գնահատելով Ձեր անցած ճանապարհը` ինչպե՞ս կներկայացնեք այսօրը` որտեղից ուր եք հասել:

– Երբ ետ եմ նայում անցածս գրական ճանապարհին, միշտ գալիս, ունկիս է իջնում այն մանկական թոթովանք-բանաստեղծությունը, որը նվիրել էի ուսուցչուհուս, երբ դեռ տակավին 10 տարեկան էի… Ու այդ Սկիզբը բոլորի համար հուսադրող էր, մանավանդ` մորս… Տարիները միայն իմ օգտին աշխատեցին ու ես հասա այնտեղ, ուր հիմա կամ… Դժվարին, բայց շատ սիրուն ճանապարհ էր։ Կուզենայի մեկ անգամ էլ անցնել։

– Ինչի՞ վրա է բեւեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձեւավորում արվեստն ու գրականությունը։ Նաեւ չմոռանանք, որ ԶՈՒ փոխգնդապետ եք…

– Ինչ-որ մի ժամանակ, մի քանի տարիներ առաջ, ստեղծվել էր հասարակությունում մի անառողջ կարծիք, թե իբր հայ գրականությունը գահավիժում է իր Կատարներից եւ այլեւս բարձր գրականություն չի ստեղծվում… Բայց դա միայն այն մարդկանց կարծիքն էր, ովքեր ընդհանրապես չէին կարդում ժամանակակից հայ հեղինակներին։ Բայց իրականում հենց այդ տարիներին ծնվում էին այնպիսի գրական ստեղծագործություններ, որոնք հավուր պատշաճի կարող էին հայտնվել համաշխարհային գրականության գրադարակների վրա, բայց դա տեղի չունեցավ, որովհետեւ թարգմանության կարիքը կար եւ ֆինանսական խնդիրը, որը գրողի համար սակավ կարեւոր չէ… Այսօր, անգամ այս դժվարին իրավիճակում, որում հայտնվել է մեր Հայրենիքը, առավել քան երբեւէ, մեզ փրկության է գալիս ճշմարիտ գրականությունը… Իմ ստեղծած գրականությունն անցնում է նաեւ զինվորական կնոջ «պրիզմայով», որտեղ լույսի բոլոր երանգներում Հայրենիքն է…

– Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

– Մշակույթով եւ միմիայն ազգային գաղափարախոսությանն ու արժեքներին հավատարիմ մշակույթով կարող ենք ճանաչելի դառնալ աշխարհին… Առանց սեփական դիմագծի դժվար թե մենք ընկալելի լինենք այլոց։ Այստեղ մեկ ուրիշ բայց կա` նախ շատ խորությամբ ճանաչել է պետք սեփական արժեքները ու նոր միայն փորձել այն համադրել այլ մշակույթների հետ…

– Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:

– Կա… Երբ ճշմարտության մեջ Սեր պիտի ծնվի, այնպայման պիտի բարձրաձայնվի այդ Ճշմարտությունը…

– Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:

– Անկողմնակալությունը իսկական, ճշմարիտ գրականության հանդեպ։ Նաեւ` սերն առ Հայրենիք…

– Ի՞նչ հասարակական պահանջ է դրված մտավորականի եւ զինվորականի առջեւ:

– Միակն է այդ պահանջը` խղճի առջեւ կանգնել մաքրամաքուր ու ծառայել՝ մինչեւ վերջին բջիջը, Հայրենիքի հզորացման նվիրական գործին։

– Հիրավի, ինքնօրինակ է նաեւ ձեր գրելու ոճը։ Ինչպե՞ս է ծնվում ձեր տողը։

– Շնորհակալ եմ։ Այն ծնվում է, երբ ներքին տառապանքը` լուսավոր թե մթին, ափեր է քանդում ու այլեւս անհնարին է դառնում այն կրել էգոյի պատերից ներս, ու այլեւս անհնարին է դառնում դիմակայել այն մարդկանց դատին հանձնելու գայթակղությանը…

– Ո՞րն է ձեր խորհուրդը այսօրվա երիտասարդությանը։

– Կարդալ, շատ կարդալ, բայց ոչ այն աղբը, որ շատ հաճախ լցվում է համացանցի արագահոս երակների մեջ ու տարածվում ամենուր, այլ այն բարձրաճաշակ գրականությունը, որը մեզ բոլորիս կտանի սեփական արժեքների, ինչպես նաեւ այլոց ճանաչողությանը…

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930