Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապե՛ս, Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․․․ Ո՞րն է հաջորդ քայլը

Ապրիլ 27,2021 23:43

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Նախագահ Ռեյգանի կողմից նախագահական հռչակագրում Հայոց ցեղասպանության հիշատակումից քառասուն տարի անց, մինչ Միացյալ Նահանգները խուսափում էր այդ խնդրից, նախագահ Բայդենը օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ չնայած Թուրքիայի Հանրապետության ժխտողական ղեկավարների կողմից Միացյալ Նահանգների կառավարությանը պարտադրված «բերան փակելու» քաղաքականությանը․․․  Առավել,  Բայդենն իր «Հայոց հիշատակի օրվա ուղերձում» ցեղասպանություն բառն օգտագործեց ոչ թե մեկ, այլ երկու անգամ։

Անցյալ տարի, երբ Բայդենը նախագահի թեկնածու էր, խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց քանի որ ամերիկահայերը բազմիցս խաբվել են նախորդ նախագահների կողմից, որոնք չէին կատարել իրենց նախընտրական խոստումները, նրանք զգուշավոր լավատեսությամբ էին վերաբերվում Բայդենի հանձնառությանը:

Նույնիսկ եթե Միացյալ Նահանգները բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ սկսած 1951 թվականից, երբ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական փաստաթուղթ ներկայացրեց Համաշխարհային դատարան․ Ներկայացուցիչների պալատը երեք բանաձև ընդունեց 1975, 1984 և 2019 թվականներին․ ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև ընդունեց 2019 թվականին, և Ռեյգանը նախագահական հռչակագիր հրապարակեց 1981 թ․ ապրիլի 22-ին, նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ առաջընթաց է`մի քանի դրական հետևանքներով․

1)    Քանի որ 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը շատ զգացմունքային հարց է, Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդները գոհունակության խոր զգացում ունեցան, որ իրենց նախնիների կրած ցեղասպանությունը պաշտոնապես և ճշմարտորեն ընդունվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից:

2)    Ամերիկայի նախագահի այս ամենավերջին և հեղինակավոր խոստովանությունը ԱՄՆ դատարաններին հնարավորություն կտա շարունակել հայերի ներկայացրած հայցերը՝ ցեղասպանության դարաշրջանի պահանջների վերաբերյալ Թուրքիայի կառավարությունից: Նախկինում դաշնային դատավորները մերժում էին նման դատավարությունները և պնդում  (սխալ կերպով), որ քանի որ ԱՄՆ կառավարությունը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, Կալիֆորնիան և այլ առանձին նահանգներ չեն կարող օրենքներ ընդունել, որոնք թույլ են տալիս այս դատական գործերը շարունակել: Այնուամենայնիվ, եթե դատարանները որոշեն, որ Բայդենի ուղերձը բավարար չէ նման դատական հայցեր հարուցելու թույլտվության համար, ապա ամերիկահայերը պարտավոր են ներկայացնել  օրենքի առաջարկ, այլ ոչ թե հիշատակման բանաձև, որը պետք է ընդունվի Կոնգրեսի երկու պալատների և ստորագրվի նախագահի կողմից: Սա պիտի լինի վերջին խոսքը Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու իրավական պահանջների կատարման համար:

3)    Քանի որ Միացյալ Նահանգները գերտերություն է, նախագահի հայտարարությունները մեծ ազդեցություն ունեն այլ երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Իսրայելի վրա: Ուստի սպասվում է, որ մի քանի երկրներ կհետևեն նրա օրինակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

4)    Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի ունեցավ հայերի համար հատկապես դժվար ժամանակաշրջանում՝ անցած աշնանը Ադրբեջանի, Թուրքիայի և իսլամական ջիհադիստական վարձկանների մասնակցությամբ արցախյան պատերազմում տեղի ունեցած աղետալի պարտությունից հետո: Նախագահ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը կբարձրացնի հայերի ոգին և կարող է ստեղծել համաշխարհային տերությունների բարի կամքի մթնոլորտ՝ կապված Արցախի կարգավիճակի և նրա բնակչության պաշտպանության խնդրի արդարացի լուծման համար:

5)    Ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարը նաև քաղաքական պայքար է մի կողմից այդ զանգվածային հանցագործությունն իրականացրած երկրի, մյուս կողմից՝ զոհերի ժառանգների կողմից: Թուրքիայի կառավարությունը, անցած տարիների նման, արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի Միացյալ Նահանգները չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան միլիոնավոր դոլարներ վճարեց ամերիկյան լոբբիստական ​​կազմակերպություններին`ցեղասպանությունը ժխտելու համար, ճնշում գործադրեց և սպառնաց Միացյալ Նահանգներին սարսափելի հետևանքներով, եթե վերջինս ճանաչի ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, Թուրքիային հասցվեց շռնդալից քաղաքական հարված: Թուրքիայի ամբարտավան նախագահին, որը կարծում է, թե ոչ մի երկիր չի կարող դեմ գնալ իր ցանկություններին, ԱՄՆ նախագահը խստորեն իր տեղը դրեց: Համոզված եմ, որ Էրդողանը անքուն գիշեր է անցկացրել, երբ Բայդենը ապրիլի 23-ին զանգահարել է նրան՝ տեղեկացնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր որոշման մասին։ Հուսանք, որ նվաստացած Էրդողանը հասկացավ՝ աշխարհը չի պտտվում Թուրքիայի շուրջ:

Այժմ տեսնենք, թե Թուրքիայի կառավարությունը ինչպես կարող է հակադարձել։ Արդյոք ժամանակավորապես հե՞տ կկանչի իր դեսպանին Վաշինգտոնից, կսպառնա՞ դադարեցնել առևտրային կապերը, թե՞ կարգելափակի ԱՄՆ կառավարության կողմից Ինջիրլիքի ավիաբազայի օգտագործումը։ Հուսով եմ, որ Էրդողանը կանի այս բոլոր քայլերը և շատ ավելին: Նման գործողություններով Թուրքիան կխորացնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, կապահովի Հայոց ցեղասպանության հանրայնացումն ամբողջ աշխարհում և իր ձախողված տնտեսությունը կտանի սնանկության: Դա կարող է հանգեցնել ներքին իրարանցման և Էրդողանին նախագահականից վերջնականապես հեռացնելուն հաջորդ ընտրությունների ժամանակ, եթե ոչ ավելի շուտ: Հետաքրքիրն այն է, որ Էրդողանը ապրիլի 26-ի ուշ գիշերը թուրք ժողովրդի առջև երկար ելույթ ունենալով, Հայոց   ցեղասպանության մասին իր սովորական ստերից բացի, չհամարձակվեց հայտարարել ԱՄՆ-ի դեմ որևէ գործողության մասին՝ ի պատասխան Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի: Այսպիսով, Էրդողանը ցուցադրեց իր բացարձակ նվաստացումն ու անզորությունը։

Չկարողանալով պարտադրել Միացյալ Նահանգներին՝ հրաժարվել ցեղասպանությունը ճանաչելու իր ծրագրերից, Թուրքիայի ղեկավարներն այժմ դիմում են իրենց սովորական հնարքներին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգների ճանաչումը ոչինչ չի նշանակում: Եթե ​​դա ոչինչ չէր նշանակում, ինչո՞ւ էր Թուրքիան միլիոնավոր դոլարներ ծախսում լոբբիստների վրա մի քանի տասնամյակ և ճնշում գործադրում ԱՄՆ կառավարության վրա՝ սպառնալով սարսափելի հետևանքներով։

Ավելի քան մեկ դար շարունակ ստերն ու ժխտումները շարունակելու փոխարեն, շատ ավելի լավ կլինի, որ Թուրքիան պարզապես ընդունի իր նախորդների ոճրագործությունները, ներողություն խնդրի և փոխհատուցի հայ ժողովրդին հասցված ահռելի վնասների համար: Թուրքիան լավ կանի հետևի Գերմանիայի օրինակին՝ Հոլոքոստից հետո։ Գերմանիան ներողություն խնդրեց Հիտլերի զանգվածային հանցագործությունների համար, հուշարձաններ կանգնեցրեց Հոլոքոստի զոհերի համար և միլիարդավոր դոլարներ փոխհատուցեց: Սա այն է, ինչ անում է քաղաքակիրթ մի ժողովուրդ, երբ իր ղեկավարները ծանր հանցագործություն են գործում։

Միևնույն ժամանակ, Սփյուռքի և Հայաստանի հայերը պետք է հետապնդեն իրենց պահանջները օրինական ճանապարհներով՝ բազմաթիվ դատական հայցեր ներկայացնելով ընդդեմ Թուրքիայի՝ տարբեր երկրների դատարաններում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ պահանջելով վերականգնել ցեղասպանության պատճառած վնասները: Մյուս կողմից, Հայաստանի կառավարությունը պետք է Թուրքիային տանի Համաշխարհային դատարան, որտեղ միայն կառավարություններին է թույլատրվում հայց ներկայացնել:

Վերջապես, ճիշտ պահն է հիշել և շնորհակալություն հայտնել հայերի մեծ բարեկամ, Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսին, ում դիվանագիտական ​​կարիերան ընդհատվեց 2006 թվականին, երբ նա Կալիֆորնիա կատարած այցի ժամանակ ասաց ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Ճիշտ կլիներ, որ Բայդենի վարչակազմը Էվանսին նշանակեր որպես հաջորդ ԱՄՆ դեսպան Հայաստանում։ Սա նվազագույնն է, որ ԱՄՆ կառավարությունը կարող է անել այն բանից հետո, երբ նախագահը պաշտոնական ներողություն խնդրի նրանից:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930