Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորների կողմից նախատեսվում էր իրականացնել ձեռնադրման արարողություն։
Հավատացյալների մուտքը Դադիվանք ակնհայտորեն կեղծ և անհիմն պատրվակներով խոչընդոտելով՝ ադրբեջանցի զինվորականները նպատակ են հետապնդել տապալելու հայ առաքելական եկեղեցու կարևոր հոգևոր արարողությունը։
Սրանով իսկ ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ հայ հավատացյալները կարող են մուտք գործել և հոգևոր արարողություններ իրականացնել Դադիվանքի վանքում։
Կարդացեք նաև
Հոգևոր-կրոնական իրավունքներն ու ազատություններն ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և միջազգային այլ հիմնարար փաստաթղթերով, որոնց խախտումը ոտնձգություն է մարդու արժանապատվության, նրա իրավունքների և ազատությունների դեմ։
Իրեն մշակութային և կրոնական բազմազանության երկիր հայտարարած Ադրբեջանը, անտեսելով միջազգային հանրաճանաչ նորմերը, անարգում, պղծում և ոչնչացնում է իր օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայ ժողովրդի մշակութային արժեքները, նպատակային կերպով մաքրում հայկական գրություններն ու հետքերը և արհեստականորեն խոչընդոտում հայ հավատացյալների մուտքը հոգևոր վայրեր։
Այս միջադեպի մասին ևս ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կտեղեկացնի միջազգային համապատասխան կառույցներին՝ կոչ անելով հստակ մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ»։