Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ասացի՝ տո ի՞նչ Բաքու, ինձ տանում ես Բաքու՝ ի՞նչ անես»․ արավուսցի հովիվ

Ապրիլ 27,2021 22:15

«Մի չորս անգամ փորձել են ինձ տանեն, քաշքշել են։ Երկու օր առաջ էլ եկան, սկսեցին 8 հոգով քաշքշել, չեմ ենթարկվել, խփեցին աչքիս ու էդ պահին մեր տղերքը ռուսների հետ հասան։ Զենքը պահած ասում էին Բաքու, Բաքու․․ Ասացի տո ինչ Բաքու, ինչ եք խոսում, ես համբալ մարդ եմ, ինձ տանում ես Բաքու՝ ի՞նչ անես», -Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասում է Գորիսի Արավուս բնակավայրի հովիվ Ֆելիքս Ավագյանը։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին էին զանգել արավուսցիները՝ ահազանգելով Ֆելիքս Ավագյանի հետ կատարված միջադեպի մասին։ Ըստ Թաթոյանի, Ավագյանին քաշքշել են, հարվածել ու այս միջադեպի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային կառույցներին։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի (լուսանկարում) կարծիքով, երբեմն նաեւ մեր բնակիչներն էլ անուշադիր ու անզգույշ լինում։ Անձամբ է ճանաչում Արավուսի հովիվին։

«Ֆելոն դաշտում քնում է, իսկ անասունները հակառակորդի սահմանն են անցնում։ Իրենք ասում են, որ մի օր զենքով է գալիս, մի օր խմած է գալիս, մի օր կտանեք, ձեր մարդուն պահեք»,–պարզաբանում է մարզպետը։

Չհաշված երբեմն գրանցվող փոքր միջադեպերին, ընդհանուր առմամբ Սյունիքի սահմաններում իրավիճակը վերահսկելի է եւ հանգիստ։

Մելիքսեթ Պողոսյանից ճշտեցինք նաեւ՝ ինչո՞ւ է հրահանգել սահմանամերձ բնակավայրերում ապրողներից հավաքել զենքերը։ Ըստ մարզպետի, երբ ժամանակին Սյունիքի պաշտպանությունը օրախնդիր էր, բազաներից, տարբեր տեղերից զենք տրվել էին։ «Հիմա, ո՞րն է խնդրանքս, ասելիքս։ Էդ զենքերը, ու նաեւ, մարտական գործողությունների ընթացքում տարբեր տեղերից գտնված զենք–զինամթերքը հանձնեն։ Ստացվում է, որ մարդիկ այսօր մարտական խնդիր չեն կատարում, մարտական հերթապահության չեն, բայց զենքերը տանը դրված են։ Իմաստը ո՞րն է, սահմանամերձ գյուղում մի բաժակ խմեն, կրակեն, ասեն թուրքն է կրակում»,-նշում է մարզպետն ավելացնելով, որ Գորիսում նման զենք ունեցող 29 տարեկան մի երիտասարդ «իրեն խփել է»։ «Դե ասա՝ էդ զենքը բա՞ չհավաքենք»,–հարցնում է Մելիքսեթ Պողոսյանը։

Սահմանամերձ համայնքներում՝ կանոնակարգված, անհրաժեշտ զինամթերքը զինանոցներում կա։ Խնդիրը տներում պահվող ապօրինի զինատեսակների մասին է։ Մարզպետի համոզմամբ՝ այդ զենքերը տներում մնալով անվտանգության խնդիր չեն լուծում։ «Նորից եմ կրկնում՝ մարզի սահմանային համայնքներում ապրողների անվտանգությունն ապահոված է։ Բոլոր կառույցները իրենց գործը անում են։ Այս պահին ավելորդ բաներ չպետք է թույլ տանք եւ օր առաջ՝ անօրինական պահվող զենքերը պիտի հավաքենք»,–ասում է Մելիքսեթ Պողոսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930