Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը

Ապրիլ 27,2021 21:12

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ բրիտանական կառավարության ներկայացուցչի առջև հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային վերաբերմունքի և պատերազմի ընթացքում օգտագործված արգելված զինատեսակների հարցը բարձրացնելու համար:

Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից:

Արման Թաթոյանը նշել է, որ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակը» պետական հովանավորչությամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է:

Պաշտպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:

Արման Թաթոյանը անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ուղղությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930