Այսօր «Շանթ դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարն էր: 300 եւ ավելի անդամներ արդեն անդամագրվել են կուսակցությանը:
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն ասաց, որ այս օրը պատահական չեն ընտրել. «Այս օրը Նժդեհը Սյունիքում դեմ դուրս գալով թուրք-բոլշեւիկյան բանակների դեմ, Սյունիքում հռչակում է Լեռնահայաստանը: Ոչ միայն սյունեցիները, հայ ժողովուրդը հպարտանում է սյունեցիներով»:
Համագումարի ժամանակ կուսակցության նորընտիր անդամները մեջբերումներ էին անում Շանթ Հարությունյանից: Նրանք պնդում էին, որ մեզ անհրաժեշտ է արժեքների հեղափոխություն, որովհետեւ մենք թույլ ենք, առաջին հերթին թույլ ենք մտքից, ուստի մեր հանրությունը պետք է վերաբերվի:
Կարդացեք նաև
Շահեն Հարությունյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ: Հաստատվեց նաեւ կուսակցության խորհրդի կազմը:
Կուսակցության ծրագրային դրույթներով նախատեսվում է ստեղծել նոր ազգային անվտանգության համակարգ՝ խարսխված ազգային շահերի հիման վրա: Ըստ ծրագրի, ՀՀ-ն պետք է վերանայի կնքված բոլոր միջազգային պայմանագրերը՝ դրանք ներազգային շահերին համապատասխանեցնելու նպատակով:
Մասնավորապես, առաջարկվում է Մոսկվայի Լենին-Քեմալ պայմանագիրը չեղարկել, որը կնպաստի Արցախի հիմնահարցի կառուցողական լուծմանը: Նախատեսվում է սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնել, ապահովել էներգետիկ անվտանգությունը՝ որեւէ երկրից կախում չունենալու համար:
Ծրագրով նաեւ նախատեսվում է իրապես անկախ դատական համակարգ ստեղծել, դատավորի սոցիալական երաշխիքները մեծացնել, տեսանելի պայքար տանել՝ համակարգը կոռուպցիայից ձերբազատելու համար, էլեկտրոնային արդարադատությունը զարգացնել եւ այլն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ