Երեկ եւ այսօր համացանցում եւ հայաստանյան լրատվամիջոցներում բուռն քննարկումների տեղիք տվեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարը: Ըստ լուսանկարի գրառման եւ ադրբեջանական լրատվամիջոցներին, Ալիեւների ընտանիքը եղել է Ջրականում եւ Կովսականում (ադրբեջանական անվանումները`Ջաբրայիլ եւ Զանգելան)։
Հայաստանյան սոցիալական ցանցերում եւ մեդիա տիրույթում այդ այցի եւ լուսանկարի շուրջ քննարկումները զարգացան այն համատեքստում, որ Ալիեւներն ազատորեն տեղաշարժվում են ՀՀ Սյունիքի մարզում, քանի որ լուսանկարում պատկերված «Սոսիների պուրակը» գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, այն «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մաս է: Ի դեպ, Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը լրատվամիջոցների հետ զրույցում, նույնպես հաստատել էր, որ լուսանկարն արվել է «Սոսիների պուրակում», որը հանձնվել է Ադրբեջանին:
Արդեն այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում էր տարածել, որում մասնավորապես նշել էր. «Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում ՀՀ տարածքում։
«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո»։ Նախարարությունում պնդում են. «Այնտեղ մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։ Կից ներկայացնում ենք նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրի առաջին սահմանասյան լուսանկարը, որը մինչ պատերազմն ըստ սահմանային կոորդինատների՝ տեղադրվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին, և որը սահմանային փոփոխության չի ենթարկվել»:
Սյունիքի մարզի Շիկահող համայնքի գյուղապետ Նարե Ղազարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց`ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ են այս առիթով հակասական տեղեկություններ տարածվում: Մեր զրուցակիցն ասաց, որ նկարը հրապարակվել է այն հատվածից, որտեղ նախկինում հայկական դիրքեր են եղել եւ, որտեղից հայկական կողմը նահանջել է`բանավոր համաձայնությամբ այդ տարածքները թշնամուն հանձնելու պատճառով:
«Սոսիների պուրակի» այն հատվածը, որն ի սկզբանե եղել է Սյունիքի մարզում`64 հեկտար, դա մնացել է իր տեղում: Շարունակությունը, որը ձգվում էր եվս 110 հեկտար`արդեն Արցախի հանրապետության տարածքում, ներկա պահին հանձնված է թշնամուն: Խոսքը թշնամուն հանձնված տարածքի մասին է եւ, կարծում եմ, այս առումով է թյուրիմացություն առաջանում»,- ասաց Նարե Ղազարյանը`հավելելով, որ նախարարության պարզաբանումից էլ հետեւում է այն, որ «Սոսիների պուրակ» իրենք համարում են այն, ինչը, որ եղել է ՀՀ տարածքում:
«Եթե նախկինում, «Սոսիների պուրակ» էինք համարում նաեւ շարունակությունը, որը ձգվում էր մինչեւ Արցախի հանրապետություն, համենայնդեպս, մենք սովոր ենք այդ ամբողջության մեջ «Սոսիների պուրակը» դիտարկել, հիմա, այդ մասը մենք չենք համարում, համարում ենք միայն Սյունիքի մարզի հատվածը եւ հիմք ընդունելով դա`ասում են, որ «Սոսիների պուրակից» տարածք չի տրվել»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ եթե պետականորեն այդպես են համարում`խնդիր չէ, բայց հրապարակված նկարը, եթե ՀՀ տարածքից չէ, ապա անմիջապես հարեւանությամբ գտնվող տարածքներից է:
«Մեր պատկերացմամբ`«Սոսիների պուրակը» բավական լայն հասկացողություն է, բայց երեւի, ըստ իրենց, պետական սահմանագծերով այլ է»,- ասում է մեր զրուցակիցը: Դիտարկմանը`ի՞նչ սահմանագծերի մասին է խոսքը, ինչի մասին նաեւ նախարարության տարածած հաղորդագրության մեջ է խոսվում, այն դեպքում, երբ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը հստակեցված չէ, Նարե Ղազարյանը հակադարձեց. «Ամբողջ խնդիրը դա է, որ այսօր հատուկ սահման չկա: Բազմիցս էլ բարձրացրել ենք հարցը, որ անհրաժեշտ է չեզոք գոտի, որպեսզի նման խնդիրներ չառաջանան: Եվ անհրաժեշտ է նաեւ հրապարակայնորեն հայտարարել ու քարտեզներով ցուցադրել, թե ո՞ր հատվածներն են հանձնվել թշնամուն, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»:
Aravot.am-ը խնդրի շուրջ փորձեց լսել նաեւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ղեկավարի կարծիքը: Նա այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին:
Անդրադառնալով Սյունիքի սահմանամերձ դարձած տարածքներում իրավիճակին էլ, Շիկահողի գյուղապետն ասաց, որ անընդհատ եւ անկանոն կրակոցները սովորական են դարձել: Դրանք, համայնքապետի հավաստմամբ, ըստ ամենայնի, տեղի բնակչությանը վախի մթնոլորտում պահելու միտում ունեն:
Անդրադարձանք նաեւ Արավուս համայնքում վերջին զարգացումներին, որոնք ՊՆ-ն հերքեց, իսկ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ համայնքի հովվին քաշքշելու դեպքը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապության խնդիրը:
Հիշեցնենք` ապրիլի 25-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում ասվում էր, թե հայկական կողմը Սյունիքում ռազմավարական նոր դիրքեր է հանձնել ադրբեջանական ուժերին։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը բացարձակ սուտ էր որակել այդ տեղեկությունը` հայտարարելով, որ Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք չեն հանձնել ադրբեջանական կողմին, սահմանի ամբողջ երկայնքով գտնվում են իրենց զբաղեցրած դիրքերում և լիարժեք կատարում են առաջադրված խնդիրները:
«Գիտեք, ժողովուրդը բաժանվել է ոչ թե երկու, այլ երեք, չորս եւ ավելի խմբերի ու, կարծես թե այս խնդիրը բոլորինս չէ, կարծես չեն հասկանում, որ այսպես ծածկելով, կոծկելով ոչ մի լավ բանի չենք հասնելու: Ավելի լավ է`խնդիրը վեր հանենք, հասկանանք եւ բոլորով լուծենք հարցը`անկախ նրանից, թե վարչապետն ո՞վ է, կառավարությունն ո՞վ է: Մեկս մյուսի կողքին կանգնելով պետք է հարցերին լուծում տանք, ոչ թե`մեկն ասի, մյուսը`հերքի ու ամենը մնա այսպես բարձիթողի, խառնաշփոթ վիճակում: Եթե ՊՆ-ն հերքում է Արավուսի դեպքը, էլ մենք թշնամուց ի՞նչ ենք նեղանում»,- ասաց համայնքապետը` հավելելով, որ, ամեն դեպքում, մեր տղաները սահմանին «ձիգ կանգնած են»`մինչեւ հասկանալի լինեն զարգացումները: Նա տեղեկացրեց նաեւ, որ մի քանի օր առաջ նաեւ կանոնավոր բանակն է այդ հատվածում սահմանների պաշտպանության գործին կանգնել: Համայնքապետի կարծիքով, եթե պետական մակարդակում սահմանազատման աշխատանքներ լինեն`կլուծվի նաեւ չեզոք գոտու հարցը, ինչը որոշակի հանգստություն կբերի տեղի բնակչությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ