Ի վերջո որտեղ է նկարվել Ադրբեջանի նախագահ Ալիեւը ընտանիքի հետ՝ հայկական տարածքում թե՞․․.
Կապանցի պատմաբան Դավիթ Հակոբյանը, որ ժամանակին աշխատել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»–ում, հիշում է 2015 թվականին ինքն է ծառի վրա թիթեղյա ցուցանակ կպցրել։ Տնօրենի հրամանով այդ թվականին ծառերը անձնագրավորեցին, հատ–հատ համարակալեցին։
«Սոսիների պուրակի շարունակությունը անցնում է Արցախի անտառ, ու, հաստատ ինձ չէին թողնի հաշվառենք այդ ծառը։ Իրավունք չունեինք Արցախ տարածք մտնել։ Մենք աշխատում էինք Հայաստանի վարչական տարածքում, որը միջազգայնորեն ճանաչված տարածք է»,–Aravot.am-ի հետ զրույցում հիշում է Դավիթ Հակոբյանը։ Ըստ մեր զրուցակցի, թե դրանից հետո տարածք տվել են Արցախանտառին՝ չի կարող ասել։
Կարդացեք նաև
«Իմ օբյեկտիվ ու սուբյեկտիվ կարծիքով, այդ ծառը հայկական տարածքում է, որտեղ աղջիկների հետ այցելել է Իլհամ Ալիեւը»–ասում է Դավիթ Հակոբյանը։ Վերջինիս խոսքով ենթադրություններ շատ կարելի է անել, բայց երբ ինքը տեղում լինի՝ հաստատ կճշտի։
«Զանգեզուր» Կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, որ Հայաստանի տարածքում գտնվող «Սոսու պուրակ» պետական արգելավայրի պահպանության ներքո եւ ինչպես նախկինում, այժմ էլ՝ 64,2 հա տարածք է։ «Ապատեղեկատվություն տարածող հայտնի նկարը «Սոսու պուրակ» արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, այժմ Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում մեր՝ Հայաստանի տարածքում»,–ասում է Արման Մկրտչյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ