Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական ցավը զգում են բոլորը, սակայն խորն ու մարդկային է զգալ ու կիսել ուրիշի՛ ցավը. Արմեն Սարգսյանի շնորհակալական ուղերձը

Ապրիլ 27,2021 18:01

Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,
Հայաստանի և հայ ժողովրդի հարգելի բարեկամներ,

Օրեր առաջ միասին ոգեկոչեցինք ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի հիշատակը՝ բարձրաձայն ու շշուկով, մտովի ու բազմաձայն, հայերեն ու անգլերեն, ֆրանսերեն ու ռուսերեն, հունարեն, արաբերեն ու եբրայերեն, բոլոր այն լեզուներով, որոնց այբուբենն իր մեջ ցավի զգացողություն ունի:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը վերստին վկայեց, որ սեփական ցավը զգում են բոլորը, սակայն խորն ու մարդկային է զգալ ու կիսել ուրիշի՛ ցավը: Ավելին, խիզախել և բարձրաձայնել այդ մասին:

Արդեն իսկ բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարություններ ու խորհրդարաններ, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներ, միջազգային կառույցներ էին հանդես եկել 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կապակցությամբ: Իմ Հայաստան երկրի, իմ ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալության ու երախտագիտության խոսքեր ուղղել նրանց բոլորին և մեզ սրտակից ժողովուրդների բոլոր զավակներին:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ստացավ ծանրակշիռ ու խիզախ մի ազդակ՝ ի դեմս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարության, ում խոսքն, ըստ էության, վերահաստատումն էր երկու տարի առաջ 2019թ. ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների կողմից Հայոց ցեղասպանությանն ճանաչման և դատապարտման: Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ԱՄՆ նախագահին ու նրա թիմին՝ մեր կողքին լինելու, նախընտրական խոստմանը հավատարիմ մնալու համար:

Շնորհակալ եմ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին և առանձնապես ամերիկահայությանն ու ԱՄՆ հայկական կառույցներին ու կազմակերպություններին, այդ թվում՝ Հայ Դատի գրասենյակներին ու հանձնախմբերին, Ամերիկայի հայկական համագումարին, ՀՅԴ-ին, ՌԱԿ-ին ու ՍԴՀԿ-ին, մեր բոլոր եկեղեցիներին, ՀԲԸՄ-ին, այն բոլոր անհատներին ու ազգային գործիչներին, ովքեր անկոտրում էին իրենց պայքարում, պայքար, որը դեռ շարունակություն ունի:

Շնորհակալ եմ Հայոց ցեղասպանությունից փրկված իմ հայրենակիցների սերունդներին, ում կյանքի անբաժան մասը ոչ միայն մշտարթուն հիշողությունն է կորուսյալ հայրենիքի ու նահատակված նախնիների մասին, այլև՝ արդար պայքարն ու չմարող պահանջատիրությունը և, իհարկե, հավատն առ այն, որ մոտ է արդարության հանգրվանը:

Շնորհակալ եմ Հայաստանի և Արցախի իմ բոլոր հայրենակիցներին, պետական, քաղաքական և հասարակական գործիչներին, քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններին, մտավորականներին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին. ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ: Սա վկայում է, որ մենք համախմբված ու կազմակերպված լինելու դեպքում կհասնենք արդյունքի:

Ցավը համախմբում է մեզ, բայց մենք պետք է համախմբվենք նախ և առաջ հանուն հաջողության, ինչպես նաև՝ հանուն մեր անվտանգության և շահերի: Համազգային միասնությունն ու փոխըմբռնումը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը հաջողության հասնելու լավագույն ճանապարհն են:

Վստահաբար, ճշմարտությունը վերհանելուն սատարելը, արդարության հաստատմանն աջակցելը շնորհակալական խոսքի որևէ ակնկալիք չեն ենթադրում: Այնպես, ինչպես չէին ակնկալում 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած 60 երկրների պաշտոնական պատվիրակությունները. այդ օրը հայ ժողովրդի կողքին էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, բարձրաստիճան պատվիրակներ այլ պետություններից և միջազգային կառույցներից: Այնպես, ինչպես չէին ակնկալում այս տարի Ծիծեռնակաբերդի բարձունքում մեզ հետ միասին մեր սրբադասված նահատակների հիշատակը հարգող արտերկրյա պատվիրակությունները, այդ թվում՝ Ֆրանսիայի Սենատի նախագահի, Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունները, նախարարներ, խորհրդարանականներ ու պատվիրակներ այլ երկրներից: Այնպես, ինչպես չեն ակնկալում բոլոր նրանք, ովքեր երբեք չեն դադարել պայքարել ինչպես հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այնպես էլ ընդդեմ ցեղասպանության ժխտողականության… Չեմ կարող չհիշատակել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, ում օրոք Ֆրանսիայում օրենք ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, և նախագահ Էմանուել Մակրոնին, ով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր, և, իհարկե, հոգևոր երկու առաջնորդների՝ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ և Ֆրանցիսկոս Պապերին, ովքեր խոսեցին Հայոց ցեղասպանության խոր վերքի մասին, որը 100 տարի անց էլ բաց է, չի սպիացել։

Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման յուրաքանչյուր քայլ յուրատեսակ ազդանշան և զգուշացում է բոլոր նրանց, ովքեր դեռ ձգտում են հարաբերությունները կարգավորել և նպատակներին հասնել բռնի ուժի և մարդու իրավունքների ոտնահարման միջոցով: Երեկ դա Օսմանյան կայսրությունն էր, այսօր՝ նրա ժառանգ ժամանակակից Թուրքիան ու վերջինիս «փոքր եղբայր» Ադրբեջանը: Իսկ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի…

Ես վստահ եմ, որ ազատ և անկախ ապրելու մեր ճանապարհը շարունակական է, որովհետև մենք կարո՛ղ ենք ու հաղթահարելո՛ւ ենք այդ ճանապարհի խոչընդոտներն ու մարտահրավերները, և դա անելու ենք նաև մեր բարեկամների աջակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930