Այսօր Լոռիում էին գտնվում շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ու Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Վերջիններս Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ մասնակցեցին Վանաձորին կից գտնվող «Խնձորուտ» տնկարանում կազմակերպված ծառատունկին:
Ռոմանոս Պետրոսյանի Լոռի կատարվելիք այցի մասին նախապես տեղյակ էին լոռեցի մի խումբ երիտասարդներ, որոնք տարածքում խաղաղ ցույց էին իրականացնում: Նրանք «Առանց հանք Լոռի» գրությամբ պաստառով նախարարի պաշտոնակատարին սպասում էին ծառատունկի տարածքում:
Միջոցառումից հետո Պետրոսյանը հանդիպել է երիտասարդների հետ. «Նախարարն ասաց, որ ինքը դեմ չի, որ մենք հանքերի դեմ պայքարում ենք եւ ասաց, որ ինքն էլ հանքերի կողմնակից չէ: Վանաձորից մինչեւ Թումանյան համայնքն ընկած հատվածում, ովքեր որ ներդրումներ են անում, մենք այդ ներդրողների հետ ներքին կարգով հանդիպում ենք ունեցել: Եվ իրենց հետ նաեւ գրություն ենք ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն, որ հասկանանք՝ այդ հանքերը բացվելո՞ւ են, թե՞ չէ, որպեսզի իմանայինք՝ ներդրում արվի՞, թե՞ ոչ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ցույցի մասնակից, «Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոնի» համակարգող Գեւորգ Վարդանյանն ու նշեց, որ նախարարի պաշտոնակատարը հավաքվածներին վստահեցրել է, որ առաջիկայում ներդրողների հետ կհանդիպի նաեւ ինքը:
Կարդացեք նաև
Քանի որ հանքին վերաբերող հանրային լսումները տեղի են ունենում դեռեւս տեղական մակարդակում, Գեւորգ Վարդանյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկելու եւ լուծում գտնելու համար պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ. «Մարզպետն ասաց, որ մոտակա երեք օրերի ընթացքում հանդիպում կկազմակերպենք, համայնքապետերը եւս կգան: Մի քանի համայնքներում, որ հանրային լսումներ եղել են, դրանք պետք է չեղարկվեն եւ հարցը տեղական մակարդակով պետք է լուծվի, որովհետեւ դեռ մարզպետարանից նախարարություն չի գնացել»:
Գեւորգ Վարդանյանն ասում է, որ այս պահին ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ Քարաբերդի ոսկու հանքը. «Սպասում ենք, որպեսզի նախարարությունից թղթերն ուղարկեն, որովհետեւ վիճարկելի է հարցը: Մենք տեղյակ ենք, որ 2012 թվականից Քարաբերդի ոսկու հանքը լիցենզիայից զրկված է, բայց չգիտես ինչո՞ւ հանքը մինչեւ հիմա գործում է: Այսինքն, հստակ թղթեր չկան՝ զրկվա՞ծ է, թե՞ նոր են լիցենզիան տվել: Սպասում ենք, որպեսզի պատասխան նամակ գա եւ նոր արդեն գործողություններ իրականացնենք: Քանի որ նախարարին էլ տեղյակ պահեցինք, որ Քարաբերդի դեմ մենք գործողություններ անելու ենք, որպեսզի հանքը փակվի: 50.000 բնակչի համար մեկ ու կես տարի հետո այդ հանքը դառնալու է խնդիր եւ մի հատ մեծ ու նոր առողջապահական խնդրի առջեւ է կանգնելու Վանաձոր քաղաքը: Եվ մենք այդ ժամանակ սկսելու ենք քաղցկեղի դեմ պայքարել: Ավելի լավ է հիմա հանքի դեմ պայքարենք, քան հետո՝ քաղցկեղի»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Գեւորգ Վարդանյանի