Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես վստահ եմ, որ Սյունիքում ունենալու ենք ձայների մեծամասնություն». Արմեն Խաչատրյան

Ապրիլ 27,2021 17:14

«Այսօր Վազգեն Մանուկյանը կոչ է անում, որ պետք չի գնալ ընտրությունների, պետք է ուժով տապալել իշխանությանը, պետք է բանակը խառնվի, պետք է գնդակահարել, սցենարներ են դնում Չաուշեսկուի գնդակահարման: Սրանք բռնության կոչեր են ու թույլ չենք տալու, որ սրանք զարգացում ապրեն: Ովքեր կգնան այս ճանապարհով, բախվելու են օրենքի բռունցքի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա վստահեցրեց, որ Փաշինյանին Սյունիքում այդպես ծաղրական դիմավորողները Սյունիքի ձայնը չէին ներկայացնում, Փաշինյանին հայհոյելով, ըստ նրա, հայհոյում էին ժողովրդի մի լուրջ ընտրազանգվածի. «Կարելի էր բողոքի ակցիա կազմակերպել, բայց ոչ հարձակման տեսքով, խուլիգանական դրսեւորումներով, այն աստիճան, որ Մեղրիի բնակչության մի մասը բողոքում էին՝ այս ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ եք թույլ տվել, որ նման իրավիճակի հասնի»:

Հարցին՝ կարո՞ղ եք քարոզարշավ անել, ձայներ ստանալ Սյունիքում՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ քաղաքացու կամքին թույլ չեն տալու բռնանալ. «Սյունեցիները հիշում են իրենց՝ ոչ վաղ անցյալում ապրած տարիները, եւ ոչ միայն սյունեցիները, ՀՀ բոլոր քաղաքացիները, այդպիսի դրսեւորումներ եղել են, երբեւէ չպետք է թույլ տալ այդպիսի դրսեւորումների վերականգնմանը: Մարդիկ հանկարծ թող չշփոթեն իրենց նախկինում այդ պաշտոնները զբաղեցրած անձանց հետ»:

Խաչատրյանը հայտարարեց. «Ես վստահ եմ, որ Սյունիքում ունենալու ենք ձայների մեծամասնություն»: Ըստ պատգամավորի, այսօր «էլիտան» է դժգոհ, որովհետեւ գտնում է, որ քաղաքացու ճակատագիրը պետք է որոշեն իրենք՝ կուլիսներում, իսկ քաղաքացին «ժեխ» է ու չի կարող բան որոշել. «Այս երկրի տերը ժողովուրդն է ու որեւէ մեկը՝ կլինի օլիգարխ, որեւէ շրջանակ, կլինի 20-50 հոգի, չի կարողանալու որոշել երկրի ճակատագիրը: Իրենք կարող են որոշել իրենց քվեով, բայց այլ կերպ այս երկրի ճակատագրին իրենք չեն կարող խառնվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930