«Այդ մասին դեռ տեղեկություններ չունենք, ինչպես նաեւ՝ պատճառների։ Արցախի թեմի առաջնորդը պետք է այդ խնդիրը քննարկի խաղաղապահների հրամանատարության հետ»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ հայ ուխտավորները ե՞րբ կարող են կրկին այցելել Դադիվանք, ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:
Նա մեր զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ ապրիլի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից արգելվել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ մի խումբ ուխտավորների մուտքը Դադիվանք: Ըստ Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանի, հակառակորդն արգելքը պայմանավորել է համավարակով. «Մեր եկեղեցականները շարունակում են իրենց ծառայությունը վանքում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է թեմակալ առաջնորդի եւ վանաբնակ հոգեւորականների հետ»։
Կարդացեք նաև
Վահրամ քահանայի խոսքով, այդ օրը Դադիվանքում նախատեսված էր վանաբնակ միաբանի քահանայական ձեռնադրություն, որի մասին վաղօրոք ծանուցվել էր, եւ այդ ամենը համաձայնեցվել էր ռուս խաղաղապահների հրամանատարության հետ։ Սակայն, հակառակ ձեռքբերված պայմանավորվածությունների հնարավոր չի եղել մոտենալ վանքին. «Ավելին՝ արտոնություն ստացած ուխտավորների 25 հոգանոց խմբի թվաքանակն իջեցվել էր տասի։ Իսկ արգելքից հետո չի արտոնվել անգամ փոխանցել միաբանների համար պարբերաբար մատակարարվող սնունդը։ Ակնհայտ է, որ այսպիսով ադրբեջանական կողմը ձգտել է ձախողել քահանայական ձեռնադրությունը»:
Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանի խոսքով, նույն օրը երեկոյան արարողությունը կազմակերպվել է Գանձասարի վանքում:
Հիշեցնենք, որ սա որերորդ դեպքն է, որ ադրբեջանական կողմն առանց հիմնավոր պատճառաբանության արգելում է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք:
«Ադրբեջանի վարած քաղաքականությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է ու հերթական արտահայտությունն է հայատյացության, հայկական սրբավայրերի եւ հայ ժողովրդի հոգեւոր կյանքի նկատմամբ ոտնձգության»,-ասում է Տեր Վահրամ Մելիքյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ