Եվրախորհրդում Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆահրադդին Իսմայիլովը պատասխանել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակին:
Իսմայիլովը երկար նամակում մեղադրել է հանձնակատարին, թե վերջինս անտեսել է հակամարտության 30 տարվա ընթացքում «ադրբեջանցիների հսկայական մարդասիրական կորուստները, որոնք ուղեկցվել են հարյուր հազարավոր ադրբեջանցիների մարդու իրավունքների խախտումներով»:
Նա, մասնավորապես, նշել է, որ վերջին պատերազմը սադրել է Հայաստանը, հետևաբար, հենց Հայաստանն է պատասխանատու դրա հետևանքների համար: Իսմայիլովը երկար թվարկել է, թե ինչ վնասներ է կրել ադրբեջանցի ժողովուրդը «հայկական օկուպացիայի» տարիներին:
Հետո նա նկարագրել է, թե ինչպես է Հայաստանը խախտել միջազգային իրավունքը 44-օրյա պատերազմի ժամանակ և պատերազմական հանցագործություններ կատարել: «Այս բոլոր աղաղակող փաստերը, ցավոք, անտեսվեցին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից: Եվ ոչ ոք չի կարող պնդել, որ քաղաքացիական բնակչության կյանքի և իրավունքների վրա անմիջականորեն ազդող այս հարցերը դուրս են հանձնակատարի լիազորություններից»,- ասվում է նամակում:
Կարդացեք նաև
Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, որ Ադրբեջանն այժմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է՝ հիմնված «միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը ճանաչելու վրա»:
Ամփոփելով նամակը՝ Իսմայիլովը նշել է, որ հանձնակատարի նամակը կասկածի տակ է դնում նրա «աշխատանքի անկախությունն ու անկողմնակալությունը, և դա կարող է բացասաբար անդրադառնալ հանձնակատարի գրասենյակի և Ադրբեջանի հարաբերությունների վրա»:
«Նամակի բուն փաստը շատ հեռու է անկողմնակալ կոչից, ակնհայտորեն հակասում է վեհ նպատակին ՝ «խթանել խաղաղությանն ու հաշտեցմանը»: Ընդհակառակը, այն խրախուսում է ռևանշիստական շրջանակներին, որոնք վտանգում են տարածաշրջանում բարիդրացիության վրա հիմնված հարաբերություններ կառուցելու փխրուն գործընթացը»,- կարծում է Ադրբեջանի ներկայացուցիչը:
Նա վճռականորեն կոչ է արել հանձնակատարին մնալ ոչ կանխակալ, ինչպես որ պահանջում է իր մանդատը, և զերծ մնալ այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ Եվրախորհրդի հեղինակության և վարկանիշի վրա:Reply of Azerbaijanese authorities
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ