Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր խոսնակի տեքստից դուրս կբերենք կարեւորագույն դրույթները». ԿԳՄՍ փոխնախարար

Ապրիլ 27,2021 16:25

«Պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում սա աննախադեպ միջոցառում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի մասին այսպես արտահայտվեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

A conference entitled ‘Artsakh’s Endangered Heritage: A Challenge Hub’ took place in Matenadaran

«Այս համաժողովին մասնակցում են թե պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, թե անկախ փորձագետներն ու գիտնականները, հուշարձանների պահպանության, տեղեկատվական եւ ֆիզիկական անվտանգության բոլոր պատասխանատու օղակների ներկայացուցիչները, Արցախի եւ Հայաստանի նախարարները: Մի խոսքով, բոլոր կողմերը մեկտեղ արված աշխատանքը ներկայացնելու եւ արվելիք աշխատանքներն ուրվագծելու հնարավորություն ունեն»,-նշեց փոխնախարարը` հույս հայտնելով, որ համաժողովը կդառնա ամենամյա հարթակ, որտեղ մասնագետները եւ հարակից ոլորտների պատասխանատուները հնարավորություն կունենան մեկտեղելու բոլոր խնդիրները, քննարկելու հնարավոր ռազմավարական քայլերը:

A conference entitled ‘Artsakh’s Endangered Heritage: A Challenge Hub’ took place in Matenadaran

Նրա խոսքով, ամենաշատ խանգարում է տեղեկատվության պակասը, անլիարժեքությունը, որն իր բացասական հետեւանքն է ունենում աշխատանքի ընդհանուր արդյունավետության վրա: Արա Խզմալյանը համոզված է, որ պետք է բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության աստիճանը, ու պատահական չէր, որ համաժողովում ներկայացված էին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, եւ Արտաքին գործերի նախարարությունը, ուստի եւ համաժողովի ձեւաչափն իսկապես սպասված էր:

«Բոլոր խոսնակներն էլ ընդգծեցին, որ համաժողովը շատ լավ հնարավորություն է աշխատանքները ներկայացնելու եւ համատեղ ծրագրեր ու անելիքներ մշակելու առումով: Նաեւ նշեմ, որ համաժողովի նպատակներից մեկն էլ այն է, որ ընթանում են բազմաթիվ պրոցեսներ, այդ թվում` բանակցային գործընթացներ, քննարկումներ միջազգային տարբեր կազմակերպությունների, անհատների միջեւ, որոնք այսօր բարձրաձայնելն ու հանրայնացնելը խնդրահարույց է:

Սա կարող է թյուր տպավորություն ստեղծել հանրության շրջանում, որ էական աշխատանքներ Արցախի մշակութային ժառանգության ֆիզիկական եւ տեղեկատվական պահպանման առումով չեն արվում, մինչդեռ այդպես չէ: Մենք փորձեցինք հնարավոր թույլատրելի տեղեկատվությունը փոխանցել դահլիճին, լրագրողների միջոցով` նաեւ հանրությանը, եւ կարծում եմ, որ անպայման համաժողովի վերջում յուրաքանչյուր խոսնակի տեքստից դուրս կբերենք կարեւորագույն դրույթները, կմշակենք մի փաստաթուղթ, եւ այդ փաստաթուղթը կներկայացնենք ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովին, որտեղ եւ մշակում ենք ընդհանուր գործողությունների պլանը, այդպես էլ գուցե անհրաժեշտություն լինի նաեւ կառավարությանը` լայն իմաստով ներկայացնելու»,-ընդգծեց փոխնախարարը:

Նա նաեւ Զարմինե Զեյթունցյանի ելույթին անդրադարձավ, որը վերաբերում էր տեղեկատվական ռազմավարությանը` նշելով, որ տեղեկատվական արշավի իրականացման մեխանիզմների անլիարժեքության խնդիրները պետք է լուծվեն ամենաբարձր մակարդակով. «Այսինքն` պետք է լինի ինչ-որ մի կենտրոն, հարթակ , որը կհամակարգի, կմշակի տեղեկատվական ռազմավարությունը, կիրականացնի, կֆինանսավորի նախագծերը, նախաձեռնությունները, որոնք ուղղակիորեն ունեն քաղաքական նպատակ եւ կոչված են բարձրացնելու մեր արժեքների անվտանգության մակարդակը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930