Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ իրենք չեն կարող կոալիցիա կազմել բոլոր այն ուժերի հետ, որոնք գտնվում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ: Թե որոնք են այդ ուժերը՝ նա ասաց՝ «17+»-ը՝ ԲՀԿ-ն հանած. «Մեր տարաձայնությունները մինչեւ այս պահը արմատական են: Հետեւաբար չի լինի, որ իրենց հետ կազմենք կոալիցիա: Մյուս ուժերի հետ հնարավոր կլինի՝ կախված իրավիճակից»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն՝ նա ասաց. «Իմ անձնական կարծիքն ասեմ՝ եթե ես որոշողը լինեի, ես չէի ցանկանա: Բայց ինքս չեմ բացառում, որ կարող է պատահի այդպիսի բան լինի: Ես չէի ցանկանա ԲՀԿ-ի հետ, որովհետեւ ԲՀԿ-ն բուրժուական բովանդակության կուսակցություն է, որը վատ բան չի, բուրժուա բառից չվախենանք: Իմ պատկերացումները մի քիչ այլ են, բուրժուազիան եւ բուրժուան պետք է ձեւավորվի միայն ու միայն արդար, հավասար տնտեսական, ֆինանսական դաշտում գործելու արդյունքում, բայց ես գտնում եմ, որ այնտեղ կան շատ-շատ մարդիկ, որոնք խնդիրներ պետք է ունենան այդ իմաստով օրենքի հետ: Եթե իրենք օրինակի համար ասեն՝ պարո՛ն Աղազարյան, ի՞նչ եք ասում, խնդիրներ կան՝ մենք պատրաստ ենք այդ խնդիրները լուծելու՝ անկախ նրանից, մենք կլինենք կոալիցիա, թե չենք լինի, այդ դեպքում իմ մոտեցումը կփոխվի: Բայց այս պահին դա իմ մոտեցումն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ