Գրեփլինգի Հայաստանի նորաստեղծ ազգային հավաքականի համար առաջին միջազգային պաշտոնական մրցաշարը Լեհաստանում մեկնարկած Եվրոպայի առաջնությունն է, որտեղ արդեն իսկ մեր ընտրանին արձանագրել է առաջին լուրջ նվաճումը:
No-Gi (առանց կիմոնոյի) մրցաձեւում տղամարդկանց 62 կգ քաշային կարգում հանդես եկող Մայիս Ներսեսյանը, որը նաեւ հավաքականին այս առաջնությանը նախապատրաստած մարզիչների խմբում է, միմյանց հետեւից վստահ առավելության հասնելով Իտալիայի, Իսրայելի եւ Իսպանիայի բազմափորձ ներկայացուցիչների նկատմամբ՝ ոսկե մեդալի համար գոտեմարտում հանդիպեց Ռուսաստանի շատ ուժեղ թիմը ներկայացնող Կուրբան Գասանովին: Մայիս Ներսեսյանը զիջեց համառ պայքարում եւ արժանացավ արծաթե մեդալի, սակայն նա դարձավ գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճած հայաստանցի առաջին մարզիկը:
Հաջող մրցելույթներ ունեցան նաեւ 66 կգ քաշային Ասլան Պողոսյանը եւ 84 կգ քաշային Խաչատուր Թամամյանը, որոնք հավակնում էին 3-րդ մրցանակային տեղի, սակայն բրոնզե մեդալի առաջին գրոհը այս անգամ չստացվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ